copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:31 13-11-2021

Դիանա Գասպարյանն ինձ համար չկայացած քաղաքական ֆիգուր է, ով այլ քաղաքական գործոնների վրա փորձել է քաղաքական կարիերա ստեղծել. Ջիվան Աբրահամյան

Էջմիածին քաղաքում դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությանը մասնակցելու ցանկության, ներկայիս իշխանության վարած քաղաքականության, հեղափոխությանը աջակցելու, այլ քաղաքական ուժերի հետ չհամագործակցելու, գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց «Հայրենատեր» կուսակցության թեկնածու Ջիվան Աբրահամյանի հետ։

-Դեռևս պատերազմի օրերին, երբ սկսեց շոշափվել ձեր անունը, աչքի ընկաք ընդդիմադիր կեցվածքով։ Ե՞րբ ցանկություն առաջացավ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ու ե՞րբ զգացիք, որ հասունացել է պահը։

-ՏԻՄ ընտրություններին իմ մասնակցելու որոշումը եղավ այն ժամանակ, երբ ես իմացա, թե ինչ ուժեր են առաջադրվելու։ Ինձ համար անընդունելի է թույլ տալ «Քոչարյան դաշինքի» և նաև «Փաշինյան դաշինքի» թեկանծուների մենամարտը քաղաքում։ Պետք է ժողովրդին առաջարկել այլընտրանքային լուծում։ Եվ չտեսնելով այդ այլընտրանքը՝ մեր թիմը որոշեց պարտադիր կերպով մասնակցել ՏԻՄ ընտրություններին։

-Ներկայիս իշխանության վարած քաղաքականության մասին կխոսե՞ք։ Դուք ակտիվ պայքարում էիք հեղափոխական արժեքների համար։ Ե՞րբ հասկացաք, որ այս իշխանությունը չի վարում հեղափոխական օրակարգ։

-Ես 2018 թվականի հեղափոխությանն ակտիվ մասնակցել եմ, որից հետո պայքարել եմ հենց այդ հեղափոխական արժեքների իրագործման համար։ Բայց հետո հասկացել եմ, որ այսօրվա ձևավորած հեղափոխության հիմքում ընկած քաղաքական միավորը չի կրում այդ հեղափոխական արժեքները և վարում է այն նույն քաղաքականությունը, ինչը վարում են նախկին իշխանությունները։ Այդ օրվանից էլ պայքարել եմ։ Ե՛վ նախկին, և՛ ներկա իշխանությունները հստակ ուրվագծել են, որ գոյություն չունի «նախկին» և «ներկա», այլ գորյություն ունի «իշխանության ձևաչափի փոփոխություն»։ Իսկ պատերազմից հետո ինքներդ էլ եք հասկանում, որ այլընտրանք չկա։ Բացահայտ կերպով արտահայտվել է, որ այս իշխանությունը դավադիր իշխանություն է եղել։ Ու բոլոր մեր խնդիրները՝ պետության, պետականության, ազգային, այս օրի է հասել երեսուն տարվա վարած քաղաքականության հետևանքով։

-Օրինակ, Դուք ինչո՞ւ չեք միանում ԱԺԲ-ին։ Դուք ունեք ձեր քաղաքական թիմը։ Դժվար չէ՞ միայնակ գնալ ընտրություններին։ Դուք ժամանակին պայքարում էիք նաև Մանվել Գրիգորյանի և իր որդու ստեղծած ռեժիմի դեմ։

-«Ինչու չեմ միանում որևէ քաղաքական ուժի» հարցին կարող եմ պատասխանել այսպես. Քանի որ ՀՀ-ում չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը վարում է հայամետ և միայն Հայաստանին ուղղված քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է դժվարությամբ ստեղծվի ու պայքարենք այն արժեհամակարգի համար, որը կրում ենք։ Քանի որ այդ արժեհամակարգի մասին բավականին շատ ուժեր եկան, խոսեցին, այդ արժեհամակարգը փոշիացրին ու անցան։ Կոնկրետ ԱԺԲ-ի վերաբերյալ ասեմ, թե ինչո՞ւ չեմ միանում նրանց։ Որովհետև չեմ ընդունում արտաքին քաղաքականության այն կուրսը, որը որդեգրվել է։ Ես չեմ կարծում, որ մենք պետք է կրենք ամերիկյան կամ ռուսական լուծը, և դրանցով քաղաքականություն վարենք։ Որովհետև այն ինչ առաջարկվում է, դաշնակցություն չէ։ ԱՄՆ-ն կոնկրետ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Մեր հիմնական թշնամին՝ Թուրքիան, ՆԱՏՕ-ի հիմնական երրորդ բանակը ունեցող երկիրն է։ Ինչքանո՞վ է այսօր տրամաբանված այդ քաղաքական կուրսը, ես չեմ տեսնում։ Եթե խոսենք արտաքին քաղաքականության դաշնակցային հարաբերություններից, մենք ունենք երկու կենտրոն, որոնց հետ կարելի է դաշնակցել։ Մեկը Ֆրանսիան է, մյուսը՝ Իրանը։ Ի՞նչու այսօր ԱԺԲ-ն հենց նույն Ֆրանսիայի դրոշով հանդես չի գալիս կամ Իրանի դրոշով, այն դեպքում, երբ այդ երկրները բացահայտ հայամետ քաղաքականություն են վարում։ Այստեղ հայամետ քաղաքականության կարծիքների տարբերություն կա։ Եվ իմ կարծիքով միավորումը ինչ-որ ուժի հետ այդքան էլ օրակարգային չէ։ Նախ մի շատ կարևոր ուժի մեջ ենք, դա «Ազգ» հասկացողությունն է, և մեր թիմը ազգն է, իսկ կուսակցությունները պարզապես մեխանիզմներ են։

-Արդյո՞ք ունեք անձնական թշնամանք գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ։ Մի այսպիսի հարց ևս․ մեր տեղեկություննեով՝ քաղաքում ինչքան քարոզչական պաստառների համար նախատեսված ու չնախատեսված վայրեր կան, քաղաքապետի թիմը պաստառապատել է, ի՞նչ կասեք դրա մասին։

-Դիանա Գասպարյանի հետ ունենալ անձնական խնդիր, ինձ համար անընդունելի է։ Նա ինձ համար չկայացած քաղաքական ֆիգուր է, որն այլ քաղաքական գործոնների վրա փորձել է քաղաքական կարիերա ստեղծել։ Իսկ դա վնասել է այն քաղաքը, որտեղ ծնվել եմ, մեծացել, և որտեղ ունեմ հուշեր։ Ինձ համար բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են իմ երկիրը, իմ քաղաքը, իմ տունը քանդել, իհարկե, ես նման մարդկանց հետ ունենում են անձնավորված խնդիր։ Ինչո՞ւ անձնավորված, որովհետև նրանք կոնկրետ անձինք են, ովքեր պրոցեսներ են անցկացնում։ Իմ ու Դիանա Գասպարյանի խնդիրը միայն այստեղ կարող է կայանալ։ Ուրիշ ոչ մի անձնական խնդիր ես երբևէ չեմ կարող ունենալ նրա հետ։ Որովհետև ևս մեկ անգամ ասեմ, որ իմ բարոյական արժեքները թույլ չեն տալիս շփվել նման մարդկանց հետ, որ դեռ մի բան էլ ունենամ անձնական որևէ խնդիր։ Քարոզչական պաստառների վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը․ այստեղ ոչ միայն ընտրական կարգի հետ կապված խնդիր է, այլ կոնկրետ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Որովհետև քաղաքում երկու օր առաջ նոր գովազդային վահանակների տեղեր ավելացան։ Եվ այդ գովազդային վահանակների վրա հայտնվեց Դիանա Գասպարյանի լուսանկարը։ Սա հստակ մի բան է ցույց տալիս, որ կա նախնական պայմանավորվածություն, որը գործող քաղաքապետը թուլյ տվեց մի ըկերության, որը միմիայն իր պաստառները դրեց։ Դա խոսում է միայն բացահայտ կոռուպցիոն ռիսկի մասին, որն օգտագործվում է քաղաքական պայքարի մեջ։

-Ի՞նչ սպասենք ընտրությունների արդյունքներից։ Ըստ Ձեզ արդյո՞ք իշխող ուժի թեկնածուն նորից կհաղթի ընտրություններում։

-Անկախ նրանից, որ այսօր ամբողջ քաղաքը իրենց պաստառներով է, իրենք օգտագործում են շատ մեծ ֆինանսական միջոցներ, վճարովի հարցազրույցների տարբերակին էլ են անցել, բայց մի գլոբալ խնդիր ուեն, նրանք չեն կարողանում դուրս գալ փողոց և անել քարոզարշավ։ Մենք այստեղ ոչ մեկին հաղթելու խնդիր չունենք։ Մենք համայնքում հավաքելու ենք մեծամասնություն և քաղաքական հաղթանակ ենք տանելու այս բոլոր ուժերի նկատմամբ։ Անկախ նրանից, որ Դիաննա Գասպարյանը հայտարարում է 51 տոկոսի մասին, դա մեծ խաբկանք է։ Նա կարծում է, որ իր վարչական ռեսուրսը և իր ծանոթ բարեկամական շրջանակները բաժանած գումարներով հանդերձ կկարողանան դառնալ մեծամասնություն։ Բայց մենք դրան էլ են պատրաստ, նույնիսկ մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ կրելու ենք, ոչ թե հաղթելու։ Որովհետև հայերին չեն հաղթում, հայը միայն ադրբեջանցուն է հաղթում, մենք ստանալու ենք քաղաքական մեծամասնություն, ստանալու ենք մեր համայնքի վստահությունը, որի վրա կառուցելու ենք համայնք, և մեր թիմի կարգախոսը նորից կշեշտեմ․ «Հայրենիքը կառուցենք համայնքից»։

Քնարիկ Պետրոսյան