Ներքին Արտաքին 18 րոպե առաջ - 18:54 16-11-2026

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդները հանդիպել են Բաթումում

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև եվրոպական ևս 5 երկրների 32 երիտասարդական աշխատողներ Վրաստանի Բաթում քաղաքում մասնակցել են «Եվրոպական խաղաղության կորպուս» (European Peace Corps) միջազգային կրթական ծրագրին։ Վեցօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են հակամարտությունների խաղաղ կարգավորման, փոխըմբռնման և միջմշակութային համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում երիտասարդները մասնակցել են քննարկումների և գործնական վարժությունների՝ անդրադառնալով ոչ բռնի հաղորդակցությանը, կարեկցանքին և նախապաշարմունքների հաղթահարմանը։ Ծրագրի նպատակն էր զարգացնել հակամարտությունների խաղաղ կարգավորման և համագործակցության գործնական հմտություններ։

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդների համատեղ մասնակցությունը հատկապես ուշագրավ էր տարածաշրջանի բարդ հարաբերությունների համատեքստում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և փակ սահմանի պայմաններում ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին անմիջականորեն շփվելու և ծանոթանալու միմյանց տեսակետներին։

Հայաստանից ծրագրին մասնակցած Արփի Մանուսաջյանի խոսքով՝ տարբեր պատմական ու մշակութային փորձ ունեցող մարդկանց հետ անմիջական շփումը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու միմյանց։ Նա ընդգծել է, որ ապագա սերունդների համար այլ իրականություն ստեղծելու ճանապարհին երկխոսությունն անհրաժեշտ է։

Թուրքիայից մասնակից Ադիլ Քերիմ Փորսուքն էլ նշել է, որ հարևան երկրների մասին պատկերացումները հաճախ ձևավորվում են պատմության, քաղաքականության և լրատվամիջոցների ազդեցությամբ, մինչդեռ անմիջական շփումը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց։

Ադրբեջանից մասնակից Զեյնաբ Մամեդգուլիևայի խոսքով՝ խաղաղության կառուցումը չի նշանակում անտեսել տարաձայնությունները, այլ սովորել հարգալից հաղորդակցվել և համագործակցության հնարավորություններ գտնել։

Ermenihaber