Մշակույթ 13 րոպե առաջ - 14:28 15-11-2026

Լույս է տեսել Հովհաննես Շիրազի «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորը

Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի անտիպ ժառանգությունը համալրվել է հերթական հրատարակությամբ: Բանաստեղծի հուշատուն-թանգարանում կայացել է «Անտիպ էջեր» մատենաշարի վեցերորդ հատորի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը կազմել, խմբագրել, ծանոթագրել, բնագրերի հետ համեմատել և ընդարձակ առաջաբանով ներկայացրել է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։

Շնորհիվ գրականագետի բազմամյա տքնաջան աշխատանքի՝ Հովհաննես Շիրազի մահից հետո սա արդեն տասներկուերորդ գիրքն է, որը հանձնվում է ընթերցողի դատին։

Պրոֆեսոր Սամվել Մուրադյանի խոսքով՝ Շիրազի անտիպ էջերի հրատարակման գործընթացը շարունակական է, քանի որ բանաստեղծի արխիվում «դեռ կան գիրք դառնալիք ձեռագրեր»։

Միջոցառման շրջանակում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը հանդես է եկել երախտագիտության խորհրդանշական նախաձեռնությամբ՝ որպես Սամվել Մուրադյանի գիտական վաստակի գնահատանք՝ այսուհետ թանգարանի ցուցափեղկերից մեկում կներկայացվեն նրա գրականագիտական և շիրազագիտական գործունեության կարևոր ձեռքբերումները։

Շնորհանդեսի ընթացքում նոր հատորի հրատարակման կարևորության մասին ելույթներով հանդես են եկել Հայր Վաչե Մկրտչյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, Շիրազին նվիրված «Յոթնապատում» ֆիլմի գլխավոր ռեժիսոր Արթուր Ղարագյոզյանը և պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։

Արմենուհի Մխոյան