Ներքին Տեսանյութ 10 րոպե առաջ - 16:00 15-11-2026

Բանակում ողբերգական դեպքերի հետքերով. ի՞նչ կապ ունեն սեկտաները, և ինչպե՞ս պարզել կրոնական գործոնի առկայությունը

Ինքնասպանությո՞ւն, կրոնական ազդեցությո՞ւն, թե՞ չբացահայտված այլ հանգամանքներ․ բանակում արձանագրված մահվան դեպքերի շուրջ նոր հարցեր են առաջացել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հայտարարությունը սեկտաների և ինքնասպանությունների հնարավոր կապի մասին լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Բայց ո՞վ և ինչպե՞ս է պարզում՝ արդյոք զինծառայողի մահվան հետևում կրոնական գաղափարախոսություն կամ որևէ կառույցի ազդեցություն կա։

Արթուր Պողոսյանի խոսքով՝ քննության ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, երբ անձը ոչ միայն ինքնասպանության հակում է ունեցել, այլև քարոզել է ինքնասպանության գաղափարը։ ՔԿ նախագահը նաև հայտնել է, որ առնվազն մեկ մահացած զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել է ինքնասպանության գաղափարախոսության հետ առնչվող դաջվածք։

Սակայն այս հայտարարություններից հետո առաջ է գալիս մեկ այլ կարևոր հարց. Հայաստանում կա՞ արդյոք մասնագիտացված կառույց, որը կարող է բացահայտել մահվան և կրոնական հայացքների կամ որոշակի համայնքի հնարավոր կապը։

Oragir.News-ը ՆԳՆ-ից տեղեկացել է, որ Ոստիկանության կազմում նման նեղ մասնագիտացված ստորաբաժանում՝ վարչություն կամ բաժին, գոյություն չունի։ ՊՆ-ից մեր հեռախոսազանգերին չեն պատասխանել, իսկ ԱԱԾ-ին Քննչական կոմիտեի ուղարկած հարցման մանրամասները, ըստ Արթուր Պողոսյանի, առաջիկայում կհրապարակվեն։

Իսկ ո՞վ է տալիս կրոնագիտական փորձագիտական եզրակացություն, և որքանո՞վ կարող են կրոնական գաղափարախոսությունները կապ ունենալ ինքնասպանության դեպքերի հետ։

Oragir.News-ի զրուցակից կրոնագետ Վարդան Խաչատրյանը ներկայացնում է իր փորձն ու մասնագիտական դիտարկումները՝ մասնավորապես անդրադառնալով սատանայապաշտական գաղափարախոսության և ինքնասպանությունների հնարավոր կապին։

Իսկ առաջիկայում կանդրադառնանք Հայաստանում գործող տարբեր կրոնական կառույցների գաղափարախոսություններին ու դրանց շուրջ առկա մտահոգություններին։

Տեսանյութ: