Երբ ամերիկացիներն ու ռուսները խոսում են անվտանգության մասին, նրանք նկատի չունեն միայն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Իրականում նրանք ավելի շատ խոսում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև անվտանգության ինչ-որ նոր մոդելի մասին։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք այս մոտեցումը մի փոքր տարօրինակ ենք համարում։ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարի Եվրոպան լավ էր վերաբերվում Ռուսաստանին։ Եվրոպան ձգտում էր Ռուսաստանի հետ կառուցել որքան հնարավոր է շատ առևտրային կապեր, հաստատել հնարավորինս սերտ համագործակցություն և պահպանել լավագույն հնարավոր հարաբերությունները։
Պուտինի պատերազմները իրականում կապված են բացառապես նրա վերաբերմունքի հետ այլ երկրների նկատմամբ, այլ ոչ թե Եվրոպայի հետ որևէ մշտական և անխուսափելի բախման հետ։ Բայց այսօր մենք լսում ենք այն, ինչ լսում ենք»,- նշել է նա։