Ուղիղ եթեր
Սպորտ 47 րոպե առաջ - 16:43 30-10-2026

ՖԻՖԱ-ն աշխարհի վերջին առաջնության տոմսերի վաճառքից շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել

ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության խաղերի տոմսերի վաճառքից։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Համեմատության համար նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Կատարում կայացած նախորդ Մունդիալի ժամանակ ՖԻՖԱ-ն տոմսերի վաճառքից ստացել էր 929 միլիոն դոլար։

Մասնակից հավաքականների քանակի ավելացման (48 թիմ) արդյունքում մրցաշարի շրջանակում կայացած հանդիպումների թիվը 64-ից հասել էր ռեկորդային 104-ի։

Աշխարհի վերջին առաջնության խաղերին ընդհանուր առմամբ ներկա է եղել Մունդիալների պատմության համար ռեկորդային՝ 6 810 966 երկրպագու։ Կատարում կայացած բոլոր 64 հանդիպումներին ներկա է գտնվել շուրջ 3,4 միլիոն հանդիսական։ Մեկ խաղի միջին հաճախելիությունը Կատարի մրցաշարի համեմատ աճել է ավելի քան 12 հազարով։

Առաջնության ընթացքում շատ երկրպագուներ քննադատում էին տոմսերի արժեքը՝ դրանք համարելով չափազանց բարձր։ Սկզբնական շրջանում ամենաէժան տոմսի արժեքը կազմում էր 60 դոլար։ Խմբային փուլում մրցաշարն ընդունող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հավաքականի խաղերի տոմսերն արժեին 560-ից մինչև 2735 դոլար։

Քառորդ եզրափակչի տոմսերը հնարավոր էր ձեռք բերել 275-1690, կիսաեզրափակչինը՝ 420-2780, իսկ երրորդ տեղի համար հանդիպման տոմսերը՝ 165-1000 դոլարով։

Նյու Ջերսիի մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղի առաջին կարգի տոմսերն արժեին 6370 դոլար, երկրորդ կարգինը՝ 4210, երրորդինը՝ 2790, իսկ չորրորդ կարգինը՝ 2030 դոլար։

Ամենից շատ դիտված