Ներքին 54 րոպե առաջ - 16:28 10-10-2026

Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ախուրյան խոշորացված համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների որակի, գնումների գործընթացների և դրանց նկատմամբ վերահսկողության վերաբերյալ հարցերը շարունակում են արդիական մնալ։ Մի դեպքում ասֆալտապատված ճանապարհները երկու-երեք տարի անց քանդվում են, մյուս դեպքում՝ գազատար խողովակներն անցկացված են, սակայն բնակիչները շարունակում են մնալ առանց գազի։ Իսկ համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում պատասխանատվության և վերահսկողության մեխանիզմները, ըստ ավագանու անդամ Մարտիկ Մաթոսյանի, բավարար չեն։

Oragir.News-ը զրուցել է Ախուրյանի ավագանու անդամ, ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Մարտիկ Մաթոսյանի հետ, որը սոցիալական ցանցերի իր էջում փաստերով պարբերաբար բարձրաձայնում է Ախուրյան խոշորացված համայնքում առկա խնդիրները՝ անդրադառնալով համայնքային կառավարման, գնումների և իրականացվող ծրագրերի արդյունավետության հարցերին։

Մաթոսյանի խոսքով՝ ավագանու նիստերում խնդիրների քննարկման ձևաչափը փոխվել է այն բանից հետո, երբ ՔՊ-ն ընդդիմությունից դարձավ իշխանության մաս։ Եթե նախկինում, երբ ՀՅԴ-ն էր համայնքում իշխանության, ՔՊ-ն ընդդիմություն էր և հարցերը բարձրաձայնում էր ավագանու նիստերում, ապա հետագայում դրանց մի մասը քննարկվում էր խմբակցության ներսում։

«Նախկինում, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» համայնքում ընդդիմություն էր, մի շարք խնդիրներ բարձրաձայնվում էին անմիջապես ավագանու նիստերի ժամանակ։

Իշխանության մաս կազմելուց հետո հարցերի զգալի մասը նախ քննարկվում էր խմբակցության նիստերում՝ համապատասխան մասնագետների ու համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ»,-ասել է Մաթոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ եղել են դեպքեր, երբ խմբակցության քննարկումներից հետո որոշվել է հարցը հանել ավագանու օրակարգից՝ փաստաթղթերի բացակայության կամ անհրաժեշտ հանրային լսումներ անցկացված չլինելու պատճառով։

Նրա գնահատմամբ՝ վերջին երեք տարիներին ընդդիմությունն էլ բավարար ակտիվություն չի ցուցաբերել, և համայնքում առկա խնդիրները պատշաճ չափով չեն բարձրաձայնվել։

Անդրադառնալով համայնքային ծրագրերի իրականացման ընթացքում վերահսկողության խնդիրներին՝ Մաթոսյանը դրանք պայմանականորեն բաժանում է երկու խմբի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Առաջինների շարքում նա նշում է օրենսդրական բացերը, մասնավորապես՝ շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացը։

Մաթոսյանի գնահատմամբ՝ վերահսկողության ծառայությունների գնման գործընթացում նվազագույն գնի հստակ շեմի բացակայությունը կարող է հանգեցնել անհամաչափ ցածր գնային առաջարկների։

«Օրինակ՝ 500 միլիոն դրամի ասֆալտապատման վերահսկողությունն իրականացնել 50-55 հազար դրամով։ Ես գտնում եմ, որ դա օրենքի բաց է։ Շատ հաճախ թե՛ նախկին, թե՛ ներկայիս համայնքապետը դրանով պաշտպանվում էին։ Երբ հարցնում ես՝ ինչպես է այդքան ցածր գումարով ահռելի աշխատանքների վերահսկողությունն իրականացվում, պատասխանում են՝ մենք ի՞նչ անենք, տենդերը հաղթել են»,- նշել է նա։

Մաթոսյանի խոսքով՝ խնդիրների լուծումը կարող է ձգձգվել նաև մասնագետների պակասի, աշխատանքի բարդության, ժամանակի կամ քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Նա կարծում է, որ համայնքում վերահսկողության թերությունների հետևանքները տեսանելի են նաև իրականացված ծրագրերի արդյունքներում։

«Վերահսկողությունն Ախուրյանի համայնքում անբավարար եմ համարում։ Դա է պատճառը, որ երկու-երեք տարվա ասֆալտը քանդվում է, գյուղացին գազի խողովակները տեսնում է գյուղում, բայց իր տան մեջ գազ չունի։ Նախագիծը հենց սկզբից պետք է այնպես կազմված լիներ, որ խողովակները հասնեին նաև բնակիչների տները։ Երազգավորսի բնակիչները երկու տարի իրենց գյուղում տեսնում են այդ խողովակները, բայց գազը տուն չի մտնում։ Իմ կարծիքով՝ նախագիծը կիսատ է արված»,- ասել է ավագանու անդամը։

Մարտիկ Մաթոսյանը խնդիրներ է տեսնում նաև համայնքային գնումների և ծախսերի վերահսկողության ոլորտում։ Նրա խոսքով՝ հարցեր են առաջացնում այն ծախսերը, որոնց ընթացքը հնարավոր չէ լիարժեք հետագծել, ինչպես նաև այն գնումները, որոնց տեխնիկական բնութագրերը բացակայում են կամ թերի են ներկայացված։
Նաև տենդերների խիստ ուռճացված նախահաշվային գներն են խնդիր առաջացնում։

Ավագանու անդամի պնդմամբ՝ ուշադրության կարիք ունեն նաև այն կազմակերպությունների հետ կապված գնման գործընթացները, որոնք, իր խոսքով, կապ ունեն համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Նա նշում է, որ որոշ դեպքերում մրցույթներ են շահում նորաստեղծ կազմակերպություններ, իսկ տարբեր աշխատանքներ միավորվում են մեկ գնման ընթացակարգում։

«Ինձ մոտ հարցեր են առաջացնում այն կազմակերպությունների հետ կապված գնման գործընթացները, որոնք, ինչպես պտտվում ես, կապվում են համայնքապետարանի աշխատողների հետ։ Համայնքի ղեկավարի ընկերներն են, բարեկամներն են, կամ ՀՈԱԿ-ների աշխատողներն են ֆիրմաներ բացել ու տարօրինակ տենդերներ հաղթել։ Կազմակերպությունը տենդերը հաղթում է բացվելուց մեկ-երկու շաբաթ հետո»,- ասել է Մաթոսյանը։

Նրա խոսքով՝ առանց համապատասխան փաստաթղթերի և վերահսկողության հնարավոր չէ լիարժեք գնահատել, թե արդյոք աշխատանքները կատարվել են սահմանված պահանջներին համապատասխան և որքանով են արդյունավետ ծախսվել համայնքի միջոցները։

Որպես վերահսկողության խնդիրների օրինակ՝ Մաթոսյանը ներկայացնում է նաև Ախուրյանի կոմունալ տնտեսության տեխնիկայի օգտագործման հարցը։ Նրա փոխանցմամբ՝ աուդիտի ընթացքում խնդիրներ են արձանագրվել տեխնիկայի աշխատանքի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հետ կապված։ Մասնավորապես՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ հետևել վառելիքի ծախսին և տեխնիկայի անցած ճանապարհին։ Մաթոսյանի խոսքով՝ այդ տեխնիկան վարձակալությամբ տրամադրվել է նաև այլ կազմակերպությունների։

«Ես այդ խնդիրը բարձրաձայնեցի, բայց այն սուբյեկտիվ պատճառներով լուծում չստացավ»,- նշել է նա։

Մաթոսյանի համոզմամբ՝ համայնքային ծրագրերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել նաև ավագանու ինստիտուտը։ Նրա խոսքով՝ ավագանու անդամների աշխատանքը վարձատրվող չէ, մինչդեռ սուբվենցիոն ծրագրերի նախագծերը, տեխնիկական բնութագրերն ու ծախսերը լիարժեք ուսումնասիրելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ և ժամանակ։

Նա առաջարկում է մարզերում ստեղծել անկախ մասնագիտական գրասենյակներ, որտեղ ոլորտային մասնագետները պետության ֆինանսավորմամբ կաջակցեն ավագանու անդամներին՝ ծրագրերի արժեքը, կատարողականը և նախագծային փաստաթղթերը գնահատելու հարցում։ Մաթոսյանի կարծիքով՝ այդ կառույցները չպետք է կախված լինեն համայնքապետարաններից, որպեսզի կարողանան անկախ գնահատական տալ իրականացվող աշխատանքներին։

Նա կարևորում է նաև ավագանու անդամների՝ համայնքի ֆինանսական տեղեկատվությանը հասանելիությունը։ Մաթոսյանի խոսքով՝ համայնքի ծախսերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար հաճախ անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել և պատասխանին սպասել մինչև 15 օր, ինչն իր հերթին կարող է նվազեցնել վերահսկողության արդյունավետությունը։

«Եթե ավագանու որոշմամբ բյուջեն հաստատվում է, ապա ինչո՞ւ նույն ավագանին չպետք է հնարավորություն ունենա դիտորդի կարգավիճակով տեսնելու, թե ինչ կազմակերպությունների և ինչ գումարներ են փոխանցվել»,- հարց է բարձրացրել նա։
Մաթոսյանն առաջարկում է նաև, որ 100 կամ 200 միլիոն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրերի նախագծերը ներկայացվեն ավագանու հաստատմանը։ Նրա համոզմամբ՝ այդ դեպքում ավագանին հնարավորություն կունենա ուսումնասիրելու ոչ միայն ծրագրի ընդհանուր գաղափարը, այլև դրա իրականացման մանրամասները։

Ավագանու անդամի խոսքով՝ վերահսկողության հարցում կարևոր է նաև հանրության իրազեկվածությունը։ Նրա դիտարկմամբ՝ բնակիչները հաճախ տեղյակ չեն իրենց իրավունքներին, այդ թվում՝ համայնքային հողերի օտարման կամ նպատակային նշանակության փոփոխության որոշ գործընթացներում հանրային լսումներին մասնակցելու հնարավորությանը։

Մաթոսյանը կարծում է, որ համայնքապետարանի հրապարակած հաղորդագրություններն ու լուսանկարները բավարար չեն ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար։ Նրա խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի ոչ միայն կատարված աշխատանքի, այլև դրա արժեքի, գնումների ընթացակարգի և ծախսերի հիմնավորվածության մասին։

«Ախուրյանի համայնքապետարանում ամենալավ աշխատող բաժինը փիառն է։ Լուսավորության աշխատանքները հոյակապ նկարում, ցույց են տալիս, ներկայացնում հանրությանը։ Մարդիկ տեսնում են, որ նախկինում լույսեր չկային, իսկ նոր համայնքապետը լույսեր անցկացրեց։ Բայց հանրությունը պետք է տեսնի նաև այդ ծրագրի հակառակ կողմը՝ որքան է այն արժեցել, ինչու է լուսավորության համար մրցույթ հայտարարվել, եթե կոմունալ բաժինը կարող էր այդ աշխատանքն իրականացնել»,- ասել է նա։
Մաթոսյանի խոսքով՝ համայնքային կառավարման արդյունավետությունը չի կարելի չափել միայն նրանով, թե որքան գումար է ծախսվել և քանի ծրագիր է իրականացվել։ Կարևորն այն է, թե հանրային միջոցների դիմաց ինչ որակի և ինչ տևականության արդյունք է ստացել բնակիչը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն վերահսկել աշխատանքների կատարումը, այլև վերահսկել ամբողջ գործընթացը՝ ծրագրի պլանավորումից մինչև վերջնական արդյունքի գնահատում։



Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի