Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 13:10 24-11-2026

Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Բյուրական համայնքի նախկին ղեկավարը` Զարզանդ Կառլենի Բաբայանը, մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2012-2021 թվականների ընթացքում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից ստացել է խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, նույն համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելու ապօրինի գործընթացն իրականացնելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 3 մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը նույն քաղաքացուն համոզելու և հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով խոչընդոտել է վերջինիս ընտրական իրավունքի ազատ արտահայտմանը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններում:

Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր տեղակալի միջոցով կազմակերպել է համայնքի բնակիչների կողմից փաստացի օգտագործվող հողատարածքները համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում նրանց օտարելու գործընթացը:

Նախաքննության ընթացքում Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարի նախկին տեղակալին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու