Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց պետական ֆինանսավորման ուշացումը լուրջ խնդիրներ է ստեղծել մարզային և գյուղական բուժհաստատությունների համար։
Չնայած կառավարությունը մշտապես հայտարարում է, որ մյուս ոլորտների համեմատ հենց առողջապահությանն է տրվել բացառիկ առաջնահերթություն և մեծ բյուջետային ֆինանսավորում, ամսվա 20-ի դրությամբ բազմաթիվ գյուղական ամբուլատորիաներ և փոքր դեղատներ դեռևս չեն ստացել նախորդ ամսվա կատարած աշխատանքի գումարները։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված չէ պետական միջոցների սղությամբ, քանի որ խոշոր կառույցներն արդեն վաղուց ստացել են իրենց հասանելիք գումարները։
«Ես, ճիշտն ասած, ունեմ իմ գնահատականը․ կարծում եմ, որ այստեղ ֆինանսներ չլինելու խնդիրը չէ։ Դեռ 10 օր առաջ, կարելի է ասել, տվել էին ցանցային դեղատներին, խոշոր բժշկական կենտրոններին, այնտեղ խնդիրներ չկան, բայց գյուղական ամբուլատորիաներին մինչև հիմա չեն տալիս։ Եթե գումարի խնդիր լիներ, տրամաբանորեն պետք է սկսեին փոքր բժշկական կենտրոններից, որովհետև մեկ խոշոր բժշկական կենտրոնի ֆինանսավորումը հավասարազոր է ամբողջ Հայաստանի Հանրապետության գյուղական ամբուլատորիաների բյուջեներին»,-
Oragir. News-ի հետ զրույցում նշում է Անուշ Պողոսյանը։
Ըստ փորձագետի՝ խնդիրը զուտ վարչարարական է և կապված է պատասխանատու կառույցի աշխատանքի տեմպերի հետ. «Իմ գնահատականն է՝ ուղղակի հիմնադրամը դանդաղ աշխատանք է իրականացնում։ Իմ ներքին ինֆորմացիայով՝ գումարի խնդիր չկա, պարզապես հիմնադրամի աշխատողներն այդպես են որոշում՝ դանդաղ աշխատել»։
Բանախոսի դիտարկմամբ՝ ֆինանսավորման այս տարբերակված մոտեցումը ծանր հարված է հասցրել նաև դեղատնային փոքր բիզնեսին։ Այն դեպքում, երբ դեղ ներկրող խոշոր ցանցային դեղատները ժամանակին ֆինանսավորվել են, փոքր և անհատական դեղատները մնացել են առանց միջոցների և այլևս չեն կարողանում ապահովել բնակչության պահանջարկը։
«Այս դանդաղ աշխատանքի արդյունքում տարօրինակ բան է ստացվել․ ցանցային դեղատներին, որոնք հիմնականում ներկրման հետ խնդիր չունեն, նրանց ֆինանսավորումը տվել են։ Բայց առանձին դեղատները, որոնք կախում ունեն հենց այդ ներկրողներից, նրանց ֆինանսավորումը չեն տվել, նրանք էլ մերժվում են պարտքով դեղեր տալուց։ Ստացվում է, որ սրանով նաև հարվածում ենք փոքր բիզնեսին։ Հիմա բազմաթիվ դեղատներ են զանգահարել, ասում են, որ մեզ դեղ չեն տալիս, մենք ստիպված ենք բնակիչներին մերժել, ու գումարների տրամադրման խնդիր կա»,– ընդգծում է Պողոսյանը։
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահը նշում է, որ ահազանգերը գալիս են հիմնականում Հայաստանի մարզերից, որտեղ առաջնային բուժօգնության օղակը կրկին հայտնվել է երկրորդական պլանում․ «Ինչպես միշտ, մարզերն ու գյուղական ամբուլատորիաներն ավելի անտեսված են»,- եզրափակում է Անուշ Պողոսյանը։
Հասմիկ Մովսիսյան