Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է մոռանա իր ուժի մասին Ռուսաստանի հետ բանակցություններում, քանի որ, նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը սկսել է կարծել, թե ինքն է որոշում հնարավոր համաձայնագրի պայմանները։
Reuters-ի հարցազրույցում Զելենսկին ասել է, որ վստահում է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատերազմը կանգնեցնելու մտադրությանը, սակայն կասկած է հայտնել Մոսկվայի հետ փոխզիջում գտնելու փորձերի արդյունավետության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ստիպված է ընդհանուր եզրեր փնտրել Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան առայժմ պատրաստակամություն չի ցուցաբերում դադարեցնելու ռազմական գործողությունները։
«Ես նրանց վստահում եմ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ դժվար է կանգնեցնել այնքան հզոր մեկին, որը չի ցանկանում կանգ առնել։ Այդ պատճառով դուք փորձում եք որոշ փոխզիջումներ գտնել Ռուսաստանի հետ։ Բայց ես կարծում եմ, որ մենք զուր ժամանակ կկորցնենք, եթե խաղանք ռուսական փոխզիջումների խաղը», — ասել է Զելենսկին։
Նա նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, Թրամփը շահագրգռված է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ հասնել որոշակի արդյունքի։ Զելենսկու խոսքով՝ Պուտինը կարող է փորձել օգտվել այդ հանգամանքից և ինքնուրույն որոշել, թե որ զիջումներին համաձայնել, իսկ որ պայմանները մերժել։
«Պուտինը սկսել է կարծել, որ հենց ինքը կարող է որոշումներ կայացնել», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին Վաշինգտոնին կոչ է արել հաշվի առնել երկու երկրների հնարավորությունների տարբերությունը։ «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից։ Անկասկած։ Նրանք պարզապես չպետք է մոռանան այդ մասին», — հայտարարել է նա։
Զելենսկին նաև հայտարարել է, որ չի տեսնում Պուտինի պատրաստակամության նշաններ ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ էներգետիկ ենթակառուցվածքների հարվածների դադարեցման հարցում։
Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ խաղաղության շուրջ բանակցությունների համար G20 գագաթնաժողովի շրջանակում, եթե նման հնարավորություն առաջանա։
Ուկրաինայի նախագահը նաև հանդես է եկել ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման դեմ մինչև պատերազմի ավարտը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ տնտեսական և դիվանագիտական կապերի վերականգնումը պետք է կապված լինի խաղաղության ձեռքբերման հետ. «Խաղաղությունն ավելի կարևոր է, քան ցանկացած տնտեսություն»։