Օրերս «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ֊ն դիմում֊բողոք է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքում կազմված ակտի։
Մոտ 50 էջից բաղկացած նյութից պարզ է դառնում, որ հիմնական հակասությունը ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» միջև 2001թ դեկտեմբերի 18֊ին կնքված պայմանագրի մեկնաբանությունների տարբերության մեջ է, որի արդյունքում, ըստ ՊԵԿ֊ի, կազմակերպությունը պետք է վճարի 1.3 միլիարդ դրամ ակտով արձանագրված պարտավորությունը (նախորդ ակտով էլ արձանագրվել էր 1.1 միլիարդ դրամ), իսկ բողոքաբերը ամբողջությամբ առարկում է ակտի դեմ, և համարում, որ ակտի ամբողջ տրամաբանությունը կառուցված է «Պայմանագրի» սեփական մեկնաբանության վրա։
Արդյունքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի առարկությունների ծավալուն հիմնավորումները հիմք չեն ընդունվել և ստուգման ակտը անվավեր ճանաչելու պահանջը ՊԵԿ համապատասխան հանձնաժողովի կողմից մերժվել է։