Երևան +9°
copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:18 03-10-2023

«Տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը» թեզով Արցախը հայաթափեցիք․ հերթը հասավ Հայաստանի թուրքացմանը

Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը. Արցախը հայաթափված է, իսկ Հայաստանը բռնել է թուրքացման ճանապարհը: Այս մասին այսօր՝ հոկբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ թուրք-ազերիական հրոսակաները հերթական անգամ աշխարհի անտարբեր հայացքի ներքո, բայց այս անգամ արդեն Հայաստան պետության աչքի առաջ, իրակագործեցին հայերի նոր ցեղասպանություն։

«Հիմա, փոխանակ պատասխան տան, թե ինչու ցեղասպանվող և արյունահոսող Արցախի ժողովրդին թողեցին միայնակ իրենցից բազմակի գերազանցող ազերի հրոսակների դեմ- հանդիման, փորձում են Արցախում իշխանության օր-օրի ծանրացող բեռից փախուստի դիմածներին փոխարինման եկածներին և ժողովրդին անտերության չմատնելու համար այդ բեռի տակ մտածներին մեղավոր կարգել։ Չի ստացվի, քանի որ Արցախի ժողովուրդը լավ գիտի՝ ով, ով է, նա է միայն դատավորը, ոչ թե դուք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, այս իշխանության վարած քաղաքականությունն ավելի աղետաբեր հետևանքներ է ունենալու և դա դեռ առջևում է։

««Տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը» թեզով Արցախը հայաթափեցիք, հերթը հասավ Հայաստանի թուրքացմանը։ Արցախը հանձնվեց և Հայաստանը ոչ միայն չի փրկվել, այլ հայտնվել է Ադրբեջանի դրած մյուս վերջնագրերի կատարման պահանջի առջև։ Դրանք կան և առավել հստակ կդրսևորվեն առաջիկայում և որոնք կներկայացվեն Հայաստանին հիմնականում հետևյալ ուղղություններով՝

Ադրբեջանի պայմաններով սահմանազատում և սահմանագծում, որով կորոշվեն, թե ինչքան տարածք է մեզ հասնում,

անկլավների վերադարձ, որով կվերահսկեն մեր միջպետական գլխավոր ճանապարհները,

մեր ինքնիշխանության էական սահամանափակումներով կապ Նախիջևանի հետ,

ազերի փախստականների վերադարձ մինչև 1988 թվականը իրենց կողմից զբաղեցրած բնակավայրեր։ Իհարկե, ոչ հավասարության սկզբունքով, այլ այս ընթացքում նրանց բնական աճն նկատի ունենալով,

Հայաստանին ներկայացվող առնվազն 100 միլիարդ դոլարի ռեպառացիայի պահանջ՝ փոխհատուցելու Ադրբեջանի, այսպես կոչված կորուստները սկսած 1988 թվականից։

Սրանք առաջացանելու են լրջագույն սպառնալիքներ ուղղված մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությունը և որ չափազանց կարևոր է դեմոգրաֆիական անվտանգութանը»,- ասաց Ա.Ռուստամյանը։

Նա ընդգծեց, որ այս վարչախումբը սա ներկայացնելու է որպես մեր կադաստրի թուղթը և որպես կատարյալ խաղաղություն և անվտանգություն, սակայն որի երաշխավորը, ցավոք, լինելու են ոչ թե մենք, այլ Ադրբեջանը։

«1988 թվականի սումգայիթյան ցեղասպանությունը մեր ավագ սերնդին սթափեցրեց և մղեց մեզ համախմբվելու և պաշտպանվելու, և մենք հաղթեցիքն այդ նույն թշնամուն։ Հիմա, այս նոր ցեղասպանությունը, որ ավելի մասշտաբային էր, եթե մեզ չսթափեցնի, կկորցնենք ամեն ինչ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։