Սյունիքի մարզի Շաքի գյուղում զինված ադրբեջանցու ներխուժման և տեղի բնակչուհուն ու նրա երեխաներին վիրավորելու դեպքից հետո լուրջ քննադատության թիրախում է հայտնվել գյուղապետը, ով լրատվամիջոցների հետ զրույցում՝ իրականությունն ասելու փոխարեն, հայտարարում էր, թե արտառոց ոչինչ չկա։
Oragir.News-ը կապ հաստատեց Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանի հետ՝ պարզելու, թե ինչու էր նա հանրությանը հայտնում, թե գյուղ մտնողը ոչ թե ադրբեջանցի է, այլ հնարավոր է՝ իրանցի, և ինչու էր թաքցնում սահմանամերձ բնակավայրի բնակիչների գլխին կախված իրական վտանգը։
«Ես շատ իմանայի, ես չգիտեմ ով էր․․․ համապատասխան մարմիններ կան, զանգեիք իրանցից ճշտեիք»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ եթե անձը զենքով է մտել և մարդկանց է վիրավորել, ապա ակնհայտորեն իրանցի լինել չէր կարող, գյուղապետը հրաժարվեց ուղիղ պատասխանից․ «Ես իմ գյուղը սիրում եմ, ես իմ գյուղացիներին սիրում եմ, իրանք էլ ինձ են սիրում, ինչքան էլ գրեն, որ էսօր գյուղապետ պետք չի... հանրաքվե անցկացրեք, տեսեք ո՞նց ա 99 %-ը ստորագրահավաք տալի, որ ես եմ իրանց գյուղապետը, ով ինչ ուզում ա գրի, իմ համար միևնույն ա»:
Խոսելով՝ «խուճապ չտարածելու» իր մարտավարության մասին, Մանուչարյանն ասաց․ «Ես շատ ճիշտ եմ վարվել: Ես խուճապ չտարածվելու համար, պանիկա չտարածվելու համար ասել եմ՝ մի էդքանը ուռճացրեք, փուչիկը էդքան մի՛ փչեք...»:
Եզրափակելով խոսքը՝ գյուղապետը կոչ արեց չկառչել իր բառերի, կետերի ու ստորակետների հետևից՝ հայտարարելով, որ ինքը բոլորից հայրենասեր է, քանի որ պատերազմների ժամանակ կամավոր է գրվել։
Հասմիկ Մովսիսյան