Ներքին 43 րոպե առաջ - 22:24 02-10-2026

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ նախարարությունը։

«Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից»,- ասվում է տեքստում։

Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․

Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից։