Մամուլ 45 րոպե առաջ - 07:57 17-11-2026

Անձեռնմխելիության պատրանքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դատաիրավական համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները կրկին օրակարգ են բերում դատավորի անկախության, իրավական համաչափության և քաղաքական պատասխանատվության հարցերը։ Անձեռնմխելիությունից զրկված դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործը կապված է գաղտնալսման արդյունքում ի հայտ եկած տվյալների հետ, ըստ որոնց՝ դատավոր Մելքոնյանը ժամանակավորապես վերացրել է վարորդական իրավունքից զրկված անձի՝ երկրից մեկնելու արգելքը՝ հնարավորություն տալով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։ Թե արդյոք առկա է հանցակազմ կամ պաշտոնեական չարաշահում, վերջնականապես պետք է պարզեն իրավապահ մարմիններն ու դատարանը։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է բոլոր դեպքերում պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։