Երևան +27°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:57 04-10-2021

Հայաստանը բարձր է գնահատում երկրի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի Իրանում կայացած հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ, որի ժամանակ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպման ժամանակ նշել է. «Առաջին հերթին` կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար:

Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախարար Աբդոլլահիանի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա, և երկուստեք պատրաստակամություն հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։

Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։

Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ՝ նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։

Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։

Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։

Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։

Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ։

Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախարարը ևս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք։

Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախարար, և սիրով սպասում եմ ձեզ Երևանում»։

adv_banner

Ամենից շատ դիտված

00:55 Yandex go-ի վարորդը վիրավորել և սպառնացել է Լիա Զախարյանին, հետո մտել նրա տուն ու ավել գումար պահանջել
21:17 «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում. shamshyan.com
20:13 Մահացել է լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
17:38 Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է Ford-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. կա 6 վիրավոր. shamshyan.com
12:06 Մի քանի օր Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել ու ասել է՝ ինքը ողջ է, իզուր են իրեն փնտրում. shamshyan.com
23:14 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել
10:58 Երևանում քեռու ու եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
17:11 «Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ
13:58 Աբովյան քաղաքում բախվել են Opel-ները. վարորդներից մեկը քննիչ է. shamshyan.com
10:12 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 25 օրական երեխայի մարմին․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի