Արդեն ավելի քան 10 օր է՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում գիշերները խաղաղ չեն անցնում։
Գյուղում հայտնվել է դիմակավորված մի անհայտ անձ, ով կեսգիշերից հետո քարեր է նետում բնակելի տների պատուհաններին ու դռներին, ահաբեկում մարդկանց և վայրկյանների ընթացքում անհետանում։ Բնակիչները
Shamshyan.com-ի հետ զրույցում պատմել են, որ ստիպված են գիշերները չքնել և հսկել սեփական տներն ու բակերը, քանի որ վախով են գիշերում։
Մինչ բնակչությունը տագնապի մեջ է, իրավապահներն ու տեղական իշխանությունները դեռևս շոշափելի արդյունքներ չունեն։ Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանը նշում է, որ թեև այդ երևույթն աննախադեպ է գյուղի համար, սակայն բնակիչնեն այնքան էլ վախեցած չեն։
«Այնպես չէ, որ իրավիճակը լարված է. ավելի շատ խոսակցություններ են ու ներքին տագնապ։ Չեմ կարծում, թե որևէ մեկը սրա պատճառով գիշերը չի կարողանում քնել կամ վախենում է։ Գյուղի երիտասարդները գիշերներն ակտիվ շրջում են, այնպես որ, մեծ հաշվով, խուճապ չկա։ Դե, հնարավոր է՝ միայնակ ապրող տարեցների մոտ որոշակի ներքին մտահոգություն լինի, բայց արտառոց վիճակ հաստատ չէ»,- ասաց վարչական ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան