Ներքին 1 ժամ առաջ - 23:39 13-08-2026

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել են մեկ տարի առաջ, մեզ համար սպասելի էր. Լիզա Գասպարյան

Oragir.News-ը հայտնել էր, որ այսօր ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Նշենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության` Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով։

Հիշեցնենք, որ տվյալ գործի շրջանակում իրավապահները մայիսի 22-ին խուզարկություն են իրականացրել ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրասենյակում և տանը։

Oragir.News-ի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած ուժի Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը քաղաքական է համարում Գրիգորյանի ձերբակալությունը։

«Մեզ համար անակնկալ չէր, գիտեինք, որ մի օր լինելու է սա։ Այս սցենարը ևս դիտարկել էինք։ Պարոն Գրիգորյանը մեզ շատ երկար ժամանակ մեծի կարգավիճակով խորհրդատվություն արել է։ Մենք գիտենք՝ ինչ իրավիճակում, հավանական սցենարում ինչ պիտի անենք, թիմը ինչպես պետք է գործի։

Այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է, որը սկսվել է 2025-ի մարտ ամսից, երբ պարոն Գրիգորյանը մասնակցեց Գյումրիի ՏԻՄ ընտրություններին։ Այս մեկ տարվա ընթացքում, որդիները, հայրը, թիմակիցները անցան այս հետապնդումների միջով, անցել են և շարունակում են անցնել։ Կենտրոնական իշխանությունը գյումրեցիներին փորձում է ցույց տալ, որ մոտենում է իրենց երազանքի իրականացման պահը, այսինքն` իրենք մոտ են իշխանափոխությանը։ Ես կուզեմ գյումրեցիներին հիշեցնել, որ Մարտուն Գրիգորյանն այն պատգամավորն է եղել, ով անցել է 20 տարվա քաղաքական ճանապարհ, ում գործունեությունը իրենց աչքի առաջ է եղել, ով նվիրված աշխատանք է ցույց տվել Հայաստանին և Արցախին։ Եվ այս քրեական գործերը չեն կարող ազդել նրա հեղինակության վրա»,- ասել է Լիզա Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով` սա ո՛չ Գրիգորյանին, ո՛չ իրենց թիմին չի ճնշելու, հակառակը մի տեսակ էլ ավելի ակտիվ, գրագետ, պատասխանաատու աշխատելու մոտիվ է տալիս:

«Մարտուն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ղեկավարն է և Գրիգորյանի թիմը շարունակելու է իր գործունեությունը Գյումրիի ավագանիում։ Շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք»,-շարունակում է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարը։

Լիզա Գասպարյանի խոսքով` իշխանությունը չի ներում Գրիգորյան ընտանիքին։

Մարտուն Գրիգորյանի ընտանիքի տղամարդիկ անցնում են տարբեր քրեական գործերով։

«Իշխանությունը չի ներում, որ Մարտուն Գրիգորյանն այդքան հայրենասեր մարդ է»,-եզրափակում է Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։