Ներքին 4 ամիս առաջ - 21:07 01-07-2026

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։

Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։

Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։

Վճռի կարևորագույն իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, Ատյանը և Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են:

Դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ Եկեղեցին, օրենքով սահմանված շրջանակներում, ինքնուրույն կազմակերպում է իր ներքին կյանքը և իրականացնում իր կանոնական լիազորությունները։

Ըստ վարչական դատարանի՝ նշված իրավակարգավորումներից հետևում է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու մարմիններին:

Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:31 Գյումրիում պայթյունի հետևանքով  45-ամյա տղամարդ է մահացել
19:44 Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
22:18 Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվեի օգտին․ Նիկոլ Փաշինյան
23:28 Ռուսաստանում ևս կներդրվի IMEI միասնական համակարգ
15:06 Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
14:35 Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին
14:41 Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ. Ռոբերտ Քոչարյան
15:04 Հույս ունենք՝ 2027-ին նոր միջnւկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
20:16 Բրյուսովի համալսարանի ավելի քան 3000 ուսանող է ստորագրել բուհերի միավորման դեմ
20:47 Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար