Ներքին 3 ժամ առաջ - 14:35 28-11-2026

Փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, որն ավելի հեշտ է կառավարվում. Նարինե Դիլբարյանը՝ բուհ ընդունվելու նախագծի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվում է վերացնել բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների «լավ» գնահատականի պարտադիր շեմը՝ բավարար համարելով ընդամենը «4» գնահատականը։

«Օրենսդիրների նպատակը շեղված է կրթված սերունդ ունենալու գաղափարից։ Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ փորձ է արվում ձևավորել թերուս հասարակություն, քանի որ թերուս հասարակությունն ավելի հեշտ է կառավարվում»,- Oragir. News-ի հետ զրույցում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Լեզվաբանը շեշտում է, որ մայրենի լեզուն և մաթեմատիկան այն երկու հիմնական սյուներն են, որոնց վրա կանգուն է ազգային կրթությունն ու քաղաքացին։

«Առանց մայրենի լեզվի խորը իմացության հնարավոր չէ խորանալ մյուս գիտությունների մեջ։ Կա վտանգավոր մոլորություն, թե հայերեն խոսելը բավարար է, և խորքային գիտելիքներ ստանալն ու գրքեր կարդալն ավելորդ են։ Իսկ մաթեմատիկան զարգացնում է տրամաբանությունը, պատճառահետևանքային կապերը հաշվարկելու ունակությունը և օգնում է քաղաքացուն ճիշտ կողմնորոշվել»,- ասաց նա։

Անդրադառնալով շեմերի վերացման հետևանքներին՝ Նարինե Դիլբարյանը նշեց, որ դա աշակերտին զրկում է սովորելու և ջանք թափելու խթանից. «Դեռահասներին մշտապես խթան է պետք, իսկ երբ ամեն ինչ հասանելի է դառնում, մարդը հակվում է դեպի դյուրին ճանապարհը։ Կրթությունը պահանջում է պարտադրանք, ճիգ ու տքնաջան աշխատանք, որպեսզի մարդը պատրաստ լինի դիմակայելու ապագա մարտահրավերներին»։

Բանախոսը հիշեցրեց նաև միջազգային հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ աշակերտներն ունեն ցածր գիտելիքներ, դժվարանում են վերարտադրել ընթերցած տեքստը, իսկ մաթեմատիկայից արդյունքները նույնպես ցածր են։ Ըստ նրա՝ փոխանակ խթանելու աշակերտներին և կրթության որակը բարձրացնելու՝ նախարարությունը նախընտրել է հարմարվել առկա ցածր մակարդակին և հանել շեմերը։

«Գեղեցիկ դպրոցական շենքեր կառուցելը դեռևս չի նշանակում բարձր մակարդակի դասավանդում»,- ընդգծեց Դիլբարյանը՝ որպես հակադրություն բերելով պատմական վանքերի օրինակը, որոնք արտաքնապես պարզ էին, բայց տալիս էին համաշխարհային մակարդակի մշակութային ու գիտական արժեքներ։

Ամփոփելով՝ լեզվաբանը կոչ արեց պայքարել ցածր որակին հարմարվելու այս վտանգավոր ու աղետալի իրողության դեմ։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված