ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2001 թվականից հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ի նշան համերաշխության այն միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց տունն ու հայրենիքը։
1993 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիային։
Ապաստան հայցողների ընդունման և կեցության պայմանների բարելավման հարցերը մշտապես Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում են։ Այս համատեքստում ապաստան հայցողների համար կառուցվել է նոր ժամանակավոր կենտրոն, որի գործարկումը գտնվում է ավարտական փուլում։ Նոր կենտրոնը հնարավորություն կտա ընդունել 100-120 ապաստան հայցողի՝ ներկայիս 45-ի փոխարեն։ Այն հարմարեցված է ընտանիքով ապաստան հայցող անձանց, այդ թվում՝ երեխաներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հունիսի 22-ին նոր կենտրոնում կիրականացվի ծառատունկ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանը, այլև համայնքային համերաշխության, ներգրավվածության և միասնականության արժեքների ամրապնդմանը։
Հայաստանը շարունակում է զարգացնել ապաստանի և փախստականների պաշտպանության համակարգը՝ ապահովելով իրավունքների իրացումը, արժանապատիվ ընդունման պայմանները և շարունակական աջակցությունը հարկադրաբար տեղահանված անձանց։