Ներքին 5 ամիս առաջ - 14:00 21-02-2026

Ապաքաղաքականությունը զավթում է քաղաքական դաշտը

Զավեշտ կամ տափակաբանություն կարող է թվալ, բայց փաստն այն է, որ ապաքաղաքական մոտեցումները գերիշխում են քաղաքական խոսույթում։

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած ուժերը քաղաքական առումով անդեմ են։ Նրանք քաղաքական արժեքներ, գաղափարախոսություններ, ինչպես ասում են՝ քաղաքական «իզմեր» չեն ներկայացնում։

Օրինակ՝ պարզ չէ, թե օրեր առաջ շնորհանդես կազմակերպած «Ուժեղ Հայաստանը» պահպանողակա՞ն է, ազատակա՞ն, թե՞ սոցիալիստական, ա՞ջ է, թե՞ ձախ։ Նույնպես պարզ չէ, թե ի՞նչ գաղափարներով, կարմիր գծերով են հանդես գալու մյուս հավակնորդները, այդ թվում՝ իշխող ՔՊ-ն։

Ո՞վ է մեղավոր, որ այս աստիճանի ապաքաղաքականացել է քաղաքական խոսքն ու միտքը, և ո՞վ է պարտավոր շտկել իրավիճակը։

Տարիներ շարունակ հանրության համար կենսական նշանակության խնդիրների համար կազմակերպվող շարժումների, հանրահավաքների, ցույցերի առաջնորդները հատուկ ընդգծում էին, որ իրենց շարժումը կամ նախաձեռնությունն ապաքաղաքական է, իրենք քաղաքական հավակնություններ չունեն։ Պատվիրանի պես կրկնում էին՝ «Մի՛ քաղաքականացրեք»։

Տպավորություն էր ստեղծվում, թե կուսակցությունը, քաղաքական հավակնությունը վատ, վտանգավոր բաներ են։ Այս վախերն են, թերևս, պատճառը, որ քաղաքական ակտորներն այսօր իներցիայով ապաքաղաքական խոսույթ են զարգացնում, տպավորություն տարածում, թե ժողովուրդը քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից, կուսակցություններից ու քաղաքական խոսքից զզվում է։

Ապաքաղաքական քաղաքականությունն ունի նաև արտաքին մեղավոր։ Հայաստանի անկախության հակառակորդներն ուզում են, որ կուսակցությունները չկայանան, այլասերվեն։

Այլասերված, այսինքն՝ ապաքաղաքական կեցվածք ունեցողները հեշտ են հաշտվում օտարի քաղաքական թելադրանքի հետ, չեն պաշտպանում անկախությունն ու ժողովրդվարությունը։ Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մերժում է բոլոր քաղաքական իզմերը, ապա ողջամիտ կասկած առաջացավ, որ նա քաղաքականապես տգետ է, ազգային-պետական գիտակցություն չունի, ստորադասելու է ազգային շահերը չբարեկամների շահերին։ Ու այդպես էլ եղավ։

Այսօր ապաքաղաքականությունը զավթել է քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ։ Քաղաքական գործիչների մեծ մասը՝ «Ինչո՞վ ես զբաղվում» պարզ հարցին, չի պատասխանում՝ «Ես քաղաքական գործիչ եմ»։ Կա՛մ չեն գիտակցում, որ քաղաքական գործիչ են, կա՛մ ամաչում են։ Երկու դեպքում էլ հիմքում ապաքաղաքականույթն է։

Դժվար է հասկանալ, թե նախկինում վայրի կապիտալիզմին բնորոշ գործիքներ կիրառած Վարդան Ղուկասյանն ինչպես կոմունիստական կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվեց, հետո հաղթեց ոչ ձախական, ոչ ռուսամետ ուժերի աջակցությամբ։ Նույնպես դժվար է հասկանալ, թե ինչու «մշակ, բանվոր, ռանչպար ախպեր» երգող 100-ամյա սոցիալիստ ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցեց անկուսակցական, մեծ հարստություն դիզած Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։

Պարզ ասած՝ քաղաքականության ապաքաղաքական դրսևորումների պատճառով քաղաքական միտքն ու խոսքն այլասերվում են, ստեղծվում են անվտանգային ռիսկեր։ Հետևապես՝ լավ կլինի, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածները գործեն որպես կուսակցություն, քաղաքական ուժ, այլ ոչ թե որպես մեկ մարդու հետևից քայլող ապաքաղաքական, անդեմ, անգաղափար, աներազանք զանգված։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում