Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 11:16 21-01-2026

Լավրովը ոգևորում է Վարդան Ղուկասյանին. ինչպես կարձագանքի ՀՀ-ն 

Թվում էր, թե Մոսկվան ևս խրախուսում է Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հալածում է ընդդիմադիր գործիչներին։ Սակայն, պարզվում է՝ ոչ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանն՝ ասելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին։ «Կալանավորել քաղաքական հայացքների արտահայտման համար, այն հայացքների, որոնք ոչ մի ձևով ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ուղղված են Հայաստանի արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանն ու զարգացմանը՝ սեփական շահերից ելնելով, անխոս՝ լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է որակվում ՌԴ-ի կողմից։ Ի՞նչ հետևանք կունենա Մոսկվայի այս դիրքորոշումը։

Այսպիսի բան եղել է մեկ էլ 1920-ին։ Մայիսի 1-ին Մոսկվան հիբրիդային գրոհ էր կազմակերպել, հայ բոլշևիկները ահաբեկչական գործողություն էին իրականացրել, նպատակ ունենալով տապալել Հայաստանի օրինական իշխանությունը։ ՀՀ իշխանություններն էլ օրենքով պատժեցին բոլշևիներին, ձերբակալեցին, ազատազրկեցին, ոմանց՝ մահապատժի ենթարկեցին, քանի որ նրանք պետության, սահմանադրական կարգի, ժողովրդի դեմ ծանր հանցագործություն էին կատարել։ Բոլշևիկյան Ռուսաստանը պաշտպանում էր իր գործակալներին, ՀՀ իշխանություններից պահանջում անհապաղ ազատ արձակել հայ բոլշևիկներին։ Այս թեման նաև ՀՀ-ի դեմ ռուս-թուրքական ինտերվենցիայի թեմաներից մեկն է եղել։ Այսինքն՝ չբարեկամները Հայաստանի դեմ պատերազմն արդարացնում էին, որ բանտերից ազատեն իրենց եղբայրներին։ Մասնավորապես՝ երբ թուրքերը գրոհում էին, հայ բոլշևիկներն ցնծում էին, հույսով լցվում, որ իրենց հանդեպ բռնաճնշումները ՀՀ-ում կդադարեն։ Այս զուգահեռը հիմք է տալիս ենթադրելու, որ Կրեմլը կարող ռազմական ինտերվենցիա սկսել Հայաստանի դեմ, ներխուժել Հայաստան, տապալել օրինական իշխանությունը Վարդան Ղուկասյանին բանտից ազատելու համար։

Այսպիսով՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի վերը բերված որակումը յուրատեսակ ուղերձ է ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլև ընդդիմադիր դաշտում ծվարած ռուսական գործակալներին։ Վերջիններս, հավանաբար՝ կոգևորվեն և ավելի եռանդուն կերպով կխոսեն հայ-ռուսական օրակարգի պաշտանության, ՌԴ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների, ռուսական շահերը Փաշինյանից ավելի լավ սպասարկելու, նրանից ավելի լավ ֆորպոստի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին։ Լավրովի խոսքը նշանակում էր, որ Վարդան Ղուկասյանը և մյուս ռուսամետները լքված չեն, Մոսկվան չի սատարելու Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին։ Սա մեծ խթան կհանդիսանա։ Վարդան Ղուկասյանը, հավանաբար՝ կոգևորվի։ Իսկ ռուսամետ ուժերն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ մասնակցեն ընտրապայքարին, աշխարհին ցույց տալով, որ հայերի մի մասը անհուսալի ռուսամետ է։

Այստեղ անելիք ունի նաև ՀՀ իշխանությունը, քանի որ Լավրովի քննադատությունն ուղղված է Փաշինյանին։ Վերջինս կարող է վարվել այնպես, ինչպես դաշնակցական կառավարությունը 1920-ին։ Կարող է խորհրդային բռնազավթումից ազատագրված երբեմնի բախտակից ազգերի օրինակով՝ լրիվ ազատվել ռուսական ազդեցությունից, դուրս հրավիրելով ռուսական զորքերը, լյուստրացիա ու դեսովետիզացում անելով։ Եվ կարող է թավշյա գործիք կիրառել՝ ՀՀ ԱԳՆ կանչել ՌԴ դեսպանին և նոտա հանձնել։ Քանի որ ՔՊ-ական իշխանությունները փոքրոգի են, ապա ենթադրելի է, որ կբավարարվեն նոտայով ու ազատ աշխարհին ցույց տալով, թե տեսեք՝ հիբրիդային սպառնալիք է։

Կարճ ասած՝ Լավրովի՝ Վարդան Ղուկասյանի մասին հայտարարությամբ նոր էջ բացվեց հայ-ռուսական հարաբերություններում։ Եվ եթե ՀՀ իշխանությունը շարունակի վարել ռուսամետ կուրս, ապա պատմությունը կարող է կրկնվել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված