Մշակույթ 6 ամիս առաջ - 19:24 23-12-2025

Ցեղասպանությունից մինչև Արցախի բռնազավթում․ Էլինա Երկանյանի ֆիլմը «KIN» փառատոնում մրցանակ է նվաճել

Արտյոմ Երկանյանի դստեր, երիտասարդ հայ ռեժիսոր ու սցենարիստ Էլինա Երկանյանի կարճամետրաժ կիսադոկումենտալ «Still in Those Deserts» ֆիլմը, որը նվիրված է Արցախյան վերջին պատերազմում զոհված իր եղբոր հիշատակին, «KIN» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել։

Ֆիլմը ներկայացնում է երիտասարդ հայ աղջկա՝ Արինի պատմությունը։ Արինը, խորհրդանշական անապատով անցնելով, վերապրում է իր նախնիների փորձը՝ Հայոց ցեղասպանությունից մինչ 2023 թվականի Արցախի բնակչության բռնի տեղահանություն:

Էլինա Երկանյանի խոսքով՝ վերնագիրը ցույց է տալիս, որ մենք՝ հայերս, դեռ անապատներում ենք։ «Ֆիլմը դասագրքային պատմություն չէ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է անցյալի ցավը դեռ կենդանի մեր հիշողություններում, ձևավորում մեր ազգային ինքնությունը, ազդում ներկա սերնդի վրա»,- ասում է նա։

Դիպլոմային աշխատանքից ծնված տեսարանները դարձան ամբողջական ֆիլմ, որի ստեղծմանը միացան ժամանակակից հմտություններով և գաղափարներով երիտասարդ ստեղծագործողներ՝ Կարեն Մարգարյանը (ֆիլմի գեղարվեստական պրոդյուսեր, համառեժիսոր), Վահան Զատիկյանը (երկրորդ ռեժիսոր), Բերտա Եղիազարյանը (գլխավոր դերասանուհի), Դավիթ Պետրոսյանը (անիմատոր), Մարատ Կարապետյանը (օպերատոր), Անժելլա Պողոսյանը, (հնչյունավորող դերասանուհի), Կարինե Ավետիսյանը (ձայնային դիզայնի մասնագետ, ֆիլմի հեղինակային երաժշտության համահեղինակ), Լևոն Երկանյանը (ֆիլմի հեղինակային երաժշտության համահեղինակ), Սյուզի Պարունակյանը (պարուհի) և Աշոտ Ավետիսյանը (գունաշտկող)։






Ֆիլմը «KIN» միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստացել։ Էլինան պատմում է, որ կինոյի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ ողջունել են այս ֆիլմի ստեղծումը։

«Ֆիլմը փորձում է պատասխանել այն հարցերին, որոնք շատ հայ երիտասարդների են տանջում․ ի՞նչ կապ ունի անցյալը մեր ներկայի հետ: Արինի պատմությունը ցույց է տալիս, որ անցյալը դեռ կենդանի է, բայց նույնիսկ տրավմաներով լի ճանապարհի միջով հնարավոր է անցնել հույսով ու գտնել սեփական տեղը աշխարհում»,- նշում է նա։

Էլինայի համար ամենակարևոր դրվագը վերջին տեսարանն է. «Մենք տեսնում ենք, որ ինքը հայտնվում է իր նախատատիկի կերպարով, այդ հագուստով, հետո հայտնվում է ժամանակակից աղջիկը։ Սա վիզուալացված է որպես ուղևորություն անցյալի միջով, որը պատկերում է տրավմաների շարունակական ազդեցությունը և, միևնույն ժամանակ, հույսի նշույլը»:

Նա հավելում է, որ «Still in Those Deserts» ֆիլմը ոչ միայն պատմություն է Հայոց ցեղասպանության և վերջին պատերազմների մասին, այլ նաև հրավիրում է դիտողին մտածել, վերլուծել և զգալ սեփական պատմության կապը և ազգային ինքնության հետ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Իրինա Ատանյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին