Ուղիղ եթեր
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:00 14-10-2025

Փաշինյանն անուղղակի խոստովանում է աղետալի սխալները

Օգոստինոս Երանելու խոստովանությունները, գրված 4-5-րդ դարերում, մեծ ազդեցություն են թողել քրիստոնեական աշխարհում։ Խոստովանությունը ինստիտուտ է կաթոլիկ ու բողոքական եկեղեցիներում, նպաստում է մարդու, ազատագրմանն ու հասարակական առաջընթացին։

Պատերազմում ամոթալի պարտությունից, աղետալի կորուստներից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանի խոստովանությունների շարքը։ Նա, հավանաբար, ուզում է ազատվել անցյալի սխաների բեռից։ Տեսակետ կա, որ եթե այսպես շարունակվի, ապա ավելի ցնցող խոստովանություններ կգրի, քան Օգոստինոս Երանելին։ Վատն այն է, որ Փաշինյանի խոստովանությունների մեծ մասն ակնարկներով են, կիսատ, միանշանակ չեն։ Օրինակ՝ 2025-ի հունիսի 19-ին նա խոստովանեց, որ 2018-2022-ին ֆորպոստի վարչապետ է եղել, ստորադասել է ազգային հետաքրքրությունները, սակայն չասաց, որ Ռուսաստանի շահերն է սպասարկել։ Իսկ հոկտեմբերի 13-ին նա հռետորական հարցադրում արեց, թե ինչո՞ւ ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները։

«Սրա համար կարող է լինել երկու տարբերակ: Առաջինը, որ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, և երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասել է վարչապետը:

Նկատենք, որ նշված առաջին տարբերակը ծանր մեղադրանք է՝ ուղղված նախկիններին, երկրորդը՝ բարոյական լուրջ վիրավորանք։ Եթե ՀՀ իրավապահ համակարգը Փաշինյանի ասածները լուրջ ընդունի, ապա վարույթ կհարուցի առաջին տարբերակում բարձրացված կասկածների հիմքով։

Ինչո՞ւ է նա ծանր մեղադրանք առաջադրում գործընկերներին ու նրանց որակում խաբեբա։ Եվ արդյո՞ք այստեղ հերթական խոստովանությունն է քողարկված։

Նա մոտ երկուսուկես տարի ժամանակ ուներ Արցախի հարցի լուծման համար՝ 2018-ի մայիսից մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը։ Փաշինյանի նշած տարբերակների տրամաբանությամբ՝ կարելի է ողջամիտ հարցեր ուղղել նրան. Փաշինյանը անգործությո՞ւն է ցուցաբերել՝ մերժելով ԵԱՀԿ ՄԽ 2019-ի առաջարկը։ Նա ո՞ր օտար երկրի ցուցումով է մերժել Ջոն Բոլթոնի կողմից ԱՄՆ մեկնած աջակցության ձեռքը։ Ո՞վ էր ստիպում նրան 2020-ի հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարարին չուղարկել Ժնև ու հաջորդ օրն ուղարկել Մոսկվա։ Ո՞ր երկրի շահերին էր ծառայում, երբ նախապատվություն էր տալիս միայն ռուս խաղաղապահների ներգրավմանը, մերժելով սկանդինավյան խաղաղապահների ներգրավման միջազգային առաջարկը։ Այս շարքի հարցերի պատասխանները թույլ կտան առաջին տարբերակը մասամբ վերագրել նաև Փաշինյանին։ Հետևապես՝ ընդդիմախոսները կարող են ենթադրել, որ նա այսպիսով անուղղակի խոստովանում է, որ 2018-2022-ին անգործություն է ցուցաբերել կամ գուցե ծառայել օտար երկրի շահերին։

Երկրորդ տարբերակում ուշագրավ որակում կա՝ քաղաքական խաբեություն։ Փաշինյանը նախկիններին բառացի մեղադրում է խաբելու, հավանաբար՝ ժողովրդին խաբելու մեջ։ Այս դեպքում էլ նախկին նախագահները կարող են դատարան դիմել իրենց բարի համբավը պաշտպանելու համար։

Նկատենք, որ ընդդիմախոսների մի մասը Փաշինյանին որակում է ստախոս, նրան մեղադրում ժողովրդին խաբելու, խոստումները չկատարելու մեջ։ Այս առումով՝ ենթադրելի է, որ Փաշինյանը, հաշվի առնելով, որ առաջիկա ընտրապայքարում իրեն հանդիմանելու են խաբելու մեջ, ինքը մի քայլ առաջ է ընկնում ու ցանկալի մրցակիցներին որակում խաբեբա։ Սակայն այս հնարքը կարող է չաշխատել, քանի որ մարդիկ կարող են կարծել, թե նա այսպիսով ենթագիտակցաբար խոստովանում է, որ 2018-2022-ին խաբել է ժողովրդին, Արցախի մասին խոստումներ տալով։

Պարզ ասած՝ ողջամիտ ենթադրություն կա, որ Փաշինյանին տանջում են իր աղետալի սխալները, որոնց մասին ուզում է հրապարակավ խոստովանել, սխալների ծանրությունը կիսել ժողովրդի, առաջին հերթին՝ ցանկալի մրցակիցների՝ նախկին նախագահների հետ, քանի որ այդ աղետալի սխալները կարող են թուլացնել ՔՊ-ի դիրքերը 2026-ի ընտրապայքարում։ Իսկ եթե խոստովանությունները ծառայեցվեն նաև որպես քարոզչական զենք, ապա կստացվի երկուսը մեկում արդյունք՝ սխալների պատասխանատվությունը կկիսի նախկինների հետ և կթուլացնի նրանց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից