Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 8-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում: Կառավարության ղեկավարը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: Փաշինյանի այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հոկտեմբերի 22-23-ն էլ Թբիլիսիում կանցկացվի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որին կմասնակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները՝ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Համաժողովը, ըստ վրացական կողմի, կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ակնկալվում է շուրջ երկու հազար պատվիրակների՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների, գործարար հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական ինստիտուտների և համաշխարհային մակարդակի փորձագետների մասնակցություն: Թվով հինգերորդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է, կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի և այլ թեմաներ: Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը դրան մասնակցել են նաև 2023 թվականին, այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրանց հետ նաև եռակողմ հանդիպում է ունեցել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Տաթև Սողոյանը։ Փաստաբանի խոսքով` վարույթն իրականացնող մարմնին հենց առաջին պահից ներկայացված է եղել Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի մասին էպիկրիզը և հաշմանդամության կարգը։ Չնայած դրան` դատարանը, անտեսելով այդ ամենը, ընտրել է կալանավորումը որպես ծանրագույն միջոց, ինչն ուղղակիորեն հակասում է կառավարության որոշմանը, որովհետև ոչ թե մեկ, այլ մի քանի կետով ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի կրման պայմանների հետ։ «Ղուկասյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություններ՝ քրոնիկ կորոնար համախտանիշ, մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, և զարկերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է (2-րդ փուլ)։ Ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 6–ին, շտապօգնության խումբն արձանագրել է, որ Ղուկասյանն ունի գանգատ, քանի որ միջադեպի ժամանակ ստացել է հարված կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով սրտի դեֆիբիլյատոր սարքը հնարավոր է` վնասվել է։ Նրան ցուցված է եղել անհապաղ դիմել բուժօգնության այն բուժհաստատություն, որտեղ կատարվել է սարքի տեղադրումը` դրա անսարքությունը ժխտելու նպատակով, ինչը մինչ այս պահը չի իրականացվել։ Այսինքն` այս պահին գործ ունենք խիստ ռիսկային իրավիճակի հետ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում»,– ասաց նա։ Փաստաբանը հավելեց, որ ինչպես ձերբակալման օրը, այնպես էլ կալանավորման օրը շտապօգնության խումբը Ղուկասյանի մոտ արձանագրել է բարձր ճնշում։ Սողոյանն ընդգծեց, որ այս պահին քայլեր է անում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդությունները բոլոր իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ, որպեսզի րոպե առաջ Արսեն Ղուկասյանը դուրս գա կալանավայրից ու առաջին իսկ հնարավորության դեպքում ներկայանա ամբուլատոր բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի պատշաճ ստուգման համար։
Գյումրիի ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրած քաղաքական ուժը՝ ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին՝ պնդելով, որ իշխանությունները վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական հաշվեհարդար և հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ: «Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից», ինչը նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք», - գրել է խմբակցությունը: Կոմկուսում վստահ են, որ Վարդան Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում. - «Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է՝ ժողովրդավարության անվան տակ։ Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին»: Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, արձագանքելով դեսպաններին դիմելու քայլին, սա «դրսից մարդ բերել» է որակել, և հերթական անգամ պնդել, թե, իբր Վարդան Ղուկասյանն ընտրված համայնքապետ չէ։
Փաշինյանն այսօր միևնույն «Մի րոպե, մի բան ասեմ 4» խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տարբերություններ կան 3-րդ և 4-րդ հանրապետությունների միջև։ «Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության և չորրոդ հանրապետության միջև: Երրորդ և չորրորդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը՝ խաղաղության տրամաբանության վրա: Երրորդ հանրապետությունում Սահմանադրության ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելն խիստ կասկածելի է, 4-րդ-ում՝ նման կասկած ընդհանրապես պետք է չլինի: Երրորդ հանրապետությունում իշխանության պատկանելն ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, չորրորդում՝պետք է լինի հստակ և անառարկելի»,- գրել է Փաշինյանը։ Վերջինս նաև հավելել է, որ երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, իսկ չորրորդն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է և հայրենիք փնտրելու կարիք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում: