Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի և նրա մոր՝ Աղավնիկ Ալթունյանի հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Բաթոյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, իսկ 2019-2020 թվականներին նախարարի պաշտոնը։ Նա պաշտոնանկ է արվել 2020-ի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ 2021-ի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։Որպես անշարժ գույք՝ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը գնել է 2014 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։
Բաթոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 12 մլն 69․825 դրամ, 500 դոլար և 335 եվրո, տարեվերջին՝ 15 մլն 664 հազար դրամ, 500 դոլար և 301 եվրո։ Կանխիկ միջոցներ՝ նա չի հայտարարագրել։
2024 թվականի հաշվետու տարում Զարուհի Բաթոյանի եկամուտները կազմել են 11 մլն 566․643 դրամ, որից 10 մլն 192․344 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 564․480 դրամը՝ Սոցապ նախարարությունից ստացած կրթաթոշակը, 63․655 դրամը՝ նույն գերատեսչությունից ստացած այլ եկամուտը, 746․164 դրամը՝ Արդշինբանկից ստացած այլ եկամուտը։
Վերջինս իր եկամուտներից 2․5 մլն դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգմանը։
ՔՊ-ականի մայրը՝ Աղավնիկ Ալթունյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականի ապրիլի 14-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ալթունյանը չի հայտարարագրել։
Վերջինս 25 հազար դրամ արժեքով բաժնեմաս Է հայտարարագրել, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի հունիսի 8-ին նվիրատվություն է ստացել Արտավազդ Մաչյանից։ Տարեվերջին այս բաժնեմասը պահպանվել է։
Ալթունյանը տարեսկզբին առևտրային բանկերից մեկում ունեցել է 14 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել է 16 մլն 581․400 դրամ։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 971 դրամ, տարեվերջին՝ 32 հազար դրամ և 1500 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 150 հազար, տարեվերջին՝ 380 հազար դրամ։
2024 թվականի հաշվետու տարում Ալթունյանի եկամուտները կազմել են 3 մլն 966․206 դրամ, որից 2 մլն 160 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած վճարն է՝ ոմն Համլետ Քոչարյանից, 1 մլն 245 հազար դրամը՝ Ինեկոբանկից ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 504․960 դրամը՝ Սոցապնախարարությունից ստացած կենսաթոշակը, 56․246 դրամը՝ նույն գերատեսչությունից ստացած այլ եկամուտը։