copy image url
Հայտարարագիր 4 ամիս առաջ - 22:00 11-07-2025

Բնակարան, ավտոտնակ, 3 մեքենա, 22 մլն ավանդ, 31.9 մլն կանխիկ, 34.2 մլն եկամուտ․ Արփինե Սարգսյանի և ամուսնու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանի և նրա ամուսնու՝ Արշակ Վարդապետյանի, 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Նկատենք՝ թեպետ Արփինե Սարգսյանը սկեսրայրը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի ազգականն է, սակայն նրա կարիերայի վերելքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Մի շարք այլ պաշտոնների հետ մեկտեղ նա Փաշինյանի կաբինետում զբաղեցրել է արդարադատության և ներքին գործերի փոխնախարարների պաշտոնները, իսկ 2024-ի նոյեմբերի 20-ին նշանակվեց ՆԳ նախարար, երբ նախորդ նախարարը՝ Փաշինյանի դասընկեր Վահե Ղազարյանը SMS-ով ազատվել էր պաշտոնից։

Անշարժ գույք Արփինե Սարգսյանը չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ Սարգսյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014 թվականի հունվարի 1-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Արփինե Սարգսյանն առևտրային բանկերից մեկում 2024-ի սկզբին ունեցել է 16 մլն դրամ արժեքով անվանական ավանդ, որը տարեվերջին կազմել է 22 մլն դրամ։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 606․208,56 դրամ, 1279,25 դոլար և 0․08 եվրո, տարեվերջին՝ 2 մլն 845․673,33 դրամ և 0․08 եվրո։ Բացի այդ, նա ունեցել է 1․5 մլն դրամ, 34 հազար դոլար և 500 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

2024 թվականի հաշվետու տարում Արփինե Սարգսյանի եկամուտները կազմել են 17 մլն 546․992,2 դրամ, որից 15 մլն 426․773 դրամը ՆԳ նախարարությունից ստացած աշխատավարձն է, 2 մլն 120․219,2 դրամը՝ Ինեկոբանկից ստացած այլ եկամուտը։

Սարգսյանը 2024 թվականի ընթացքում 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 3 մլն 900 հազար դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չհստակեցնելով, թե ինչ։

Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, աշխատում է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում։ Նա Երևանի երկարամյա փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանի որդին է։

Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոտնակ՝ Երևանում, որոնք նա նվիրատվություն է ստացել 2021 թվականի օգոստոսի 18-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2018 թվականի հուլիսի 17-ին, սակայն 2024-ի փետրվարի 5-ին նա այս մեքենան 17 մլն 335 հազար դրամով վաճառել է ոմն Գագիկ Ամիրյանին։ Նույն օրը նա գնել է 2019 թվականի արտադրության TOYOTA՝ 11 մլն 285 հազար դրամով, մայիսի 21-ին էլ՝ 2022 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա՝ 12 մլն 500 հազար դրամով։ Տարեվերջին 2 մեքենան էլ պահպանվել են։

Վարդապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 386․032,9 դրամ և 10․99 դոլար, տարեվերջին՝ 569․397,3 դրամ և 7․54 դոլար։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 8 մլն դրամ, 28 հազար դոլար և 5000 եվրո, տարեվերջին՝ 5 մլն 400 հազար դրամ, 28 հազար դոլար և 5000 եվրո։

Վերջինս ունեցել է նաև DOGE և XRP տեսակի կրիպտոարժույթ, որոնց արժեքը տարեվերջին կազմել է համապատասխանաբար 646.63 և 47․800,07 դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Վարդապետյանի եկամուտները կազմել են 16 մլն 720․209 դրամ, որից 6 մլն 770․209 դրամը ԲԴԽ-ից ստացած աշխատավարձն է, 3 մլն 900 հազար դրամը՝ կնոջից՝ Արփինե Սարգսյանից ստացած նվիրատվությունը, 6 մլն 50 հազար դրամն էլ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացած եկամուտը։