Oragir.News-ն ուսումնասիրում և իր ընթերցողների դատին է հանձնում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք մեծ հավանականությամբ կիմանանք իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանն արդեն 3-րդ ժամկետով կառավարող Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև վերջիններիս չափահաս դուստրերի՝ Մարիամ և Շուշան Փաշինյանների 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի մյուս չափահաս զավակը՝ Աշոտ Փաշինյանը, հայտարարագիր չի ներկայացրել։ Ավելին՝ ըստ վերջինիս ծնողների հայտարարագրերի՝ նա այլևս ընտանիքի հետ համատեղ չի բնակվում։
Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2025 թվականի մարտի 6-ին նա իր հորից՝ Վովա Փաշինյանից, առանձնատուն է ժառանգություն ստացել, որը գտնվում է Տավուշի մարզի Իջևան համայնքում։ Այս առանձնատանը Փաշինյանը տիրապետում է բաժնային՝ ½ սեփականության իրավունքով։ Տարեվերջին այն պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Նիկոլ Փաշինյանը չի հայտարարագրել։
Փաշինյանը «Իջևանատուն» ՓԲԸ-ում ունեցել է 49 մլն 350 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին պահպանվել է։ Բացի այդ, նա տարեսկզբին բանկերից մեկում ունեցել է 726․900 դրամ ավանդ, որը տարեվերջին զրոյացվել է։
Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 997․521 դրամ, 1․27 դոլար, իսկ տարեվերջին՝ 3 մլն 714․655,4 դրամ, 1,27 դոլար, 0,16 եվրո։ Բանկային հաշիվներից մեկում եղած գումարը Փաշինյանը նախընտրել է գաղտնի պահել հանրությունից։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար, իսկ տարեվերջին՝ 700 հազար դրամ և 800 դոլար։
2025 թվականի հաշվետու տարում Նիկոլ Փաշինյանի եկամուտները կազմել են 37 մլն 613․767 դրամ, որից 27 մլն 200․158 դրամը նրա աշխատավարձն ու պարգևավճարներն են, 3 մլն 348․480 դրամը՝ եկամտահարկի վերադարձը, 580 հազար դրամը՝ Ակբա բանկից ստացած փոխառությունը, 6 մլն 485․129 դրամն էլ գնահատվել է Իջևանում գտնվող այն առանձնատան արժեքը, որը Փաշինյանն իր հորից ժառանգություն էր ստացել։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 44 մլն 250․333,2 դրամ։
Փաշինյանն իր եկամուտներից 6 մլն 199 764,8 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է բաժնային՝ 4/9 սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006 թվականի մայիսի 24-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության NISSAN, 2006 թվականի արտադրության RENAULT և 2004 թվականի արտադրության VAZ։ Երեք ավտոմեքենան էլ տարեվերջին պահպանվել են։
Հակոբյանը 25 հազար դրամ արժողությամբ արժեթղթեր է հայտարարագրել, որոնք ձեռք է բերել դեռևս 2009 թվականին, իսկ գործարքի մյուս կողմը Շողեր Հրանտի Մարտիրոսյանն է։
Նա նույնպես «Իջևանատուն» ՓԲԸ-ում ունեցել է 49 մլն 350․000 դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա տարեվերջի դրությամբ ունեցել է 10 մլն դրամ և 27 հազար դոլար անվանական արժեքով 2 ավանդ։
Աննա Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3 մլն 622 308 դրամ, տարեվերջին՝ 4 մլն 738․197 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 650 հազար դրամ և 8500 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին զրոյացվել է։
2025 թվականին Աննա Հակոբյանի եկամուտները կազմել են 32 մլն 851․029,1 դրամ, որից 21 մլն 758․993 դրամն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից ստացած եկամուտն է, 3 մլն դրամը՝ «Դարեսկիզբ» ՓԲԸ-ից («Հայկական ժամանակ» օրաթերթ) ստացած աշխատավարձը, 4 մլն 123 592 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, 1 մլն 463․227 դրամը և 1768 դոլարը՝ Հայէկոնոմբանկին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսագումարը, իսկ 1 մլն 844․321 դրամը՝ Կատարի պետության «Քաթարա» մշակութային գյուղակ հիմնադրամից բնամթերային ձևով ստացած եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 896․536,2 դրամ։
Հակոբյանն իր եկամուտներից 6 մլն 200․095,5 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Բացի այդ, նա 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 6500 դոլար արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չհստակեցնելով, թե ինչ։
Հայտարարագրի վերջում Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի ընթացքում պետական այցերի ժամանակ պաշտոնական ընդունելությունների շրջանակներում իրեն փոխանցվել են արարողակարգային իրեր, որոնք չի հայտարարագրել որպես եկամուտ և/կամ 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք, քանի որ չի ցանկացել դրանք ընդունել որպես իր սեփականություն և հանձնել է Հայաստանի Հանրապետությանը։
Փաշինյանի և Աննա Հակոբյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նա 2025 թվականին 90 օրից ավելի ժամկետով տիրապետել է 2008 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանել։ Ենթադրաբար, սա Աննա Հակոբյանին պատկանող 3 ավտոմեքենաներից մեկն է։
Մարիամ Փաշինյանը 2025 թվականին բիզնես է սկսել. սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել և ղեկավարում է «ԱԹԼԻՔՍ» ՓԲ ընկերությունը։ Նրա գործընկերը ոմն Դիանա Արզումանյանն է։ Այս ընկերությունում բաժնեմասերը հավասար են բաշխվել՝ յուրաքանչյուրին 50 տոկոս։
Մարիամ Փաշինյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 26․500 դրամ, տարեվերջին՝ 194․270 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
2025 թվականին Մարիամ Փաշինյանի եկամուտները կազմել են 2 մլն 115․224,5 դրամ, որից 255․409 դրամը «Սթեփ Քընսալթինգ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, 900․002 դրամը՝ նույն ընկերությունից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացած եկամուտը, 763 հազար դրամը՝ «Իմ քայլը» հիմնադրամից բնամթերային ձևով ստացած եկամուտը, 196․813,5 դրամն էլ՝ Ամերիա բանկից վարկի տեսքով ստացած փոխառությունը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 196․813,5 դրամ։
Ընտանիքի մյուս դուստրը՝ Շուշան Փաշինյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 36․837,3 դրամ, տարեվերջին՝ 58․946 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։
2025 թվականի հաշվետու տարում Շուշան Փաշինյանի եկամուտը կազմել է 462․333 դրամ, որը «Իլոնա անգլերենի կենտրոն»-ից ստացած աշխատավարձն է, որտեղ Փաշինյանի դուստրը անգլերեն է դասավանդում։
Դավիթ Գույումջյան