Ներքին 10 ամիս առաջ - 16:31 28-07-2025

Փաշինյանի գրառումը պրիմիտիվ մանիպուլյացիա է․ Կարեն Հեքիմյան

«Ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի երևույթ վերցնում է որպես հիմք, և այդ երևույթի վրա փորձում է տարրական, պարզունակ ձեռնածություն իրականացնել․ այսինքն՝ մանիպուլյացիա»,- Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, թե երեկ՝ Վարդավառի տոնին, մարդիկ զվարճանում էին, ուրեմն ո՛չ լարվածություն կա, ո՛չ ատելություն, ոչ՛ ապատիա։

«Ինքը տեսել է ինչ-որ այլազգիների՝ պարսիկների, հնդիկների ուրախանալիս, և դա ներկայացնում է որպես համընդհանուր հայ ազգի ուրախություն։ Իհարկե, սա հերթական մանիպուլյացիան է, բայց այստեղ շատ կարևոր մի բայց կա․ ճիշտն ասած, ես՝ հետևելով իրադարձություններին, խորանալով ցանկացած հարցի էության մեջ, գտնում եմ, որ այնուամենյանիվ, Փաշինյան Նիկոլը սխալ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը՝ պարզեցնելով միտքը,- «Ժողովրդի մեջ կա ապատիա։ Ես ում հետ շփվում եմ, նրանց մեծ մասն, ընդհանրապես, փորձում է չմտածել քաղաքականության, Սյունիքի ճանապարհի մասին․ մի խոսքով՝ թքած ունեն ամեն ինչի վրա։ Դա, իրոք, կոչվում է ապատիա։ Փաշինյանի երեկվա ասածը, եթե այդ տեսանկյունից դիտարկենք, մեծ հաշվով ճիշտ է»։

Կարեն Հեքիմյանի խոսքով՝ Հայաստանում մարդկանց մեծ մասը բացարձակ անտեղյակ է, թե ինչ է կատարվում երկրում։

«1000 մարդուց 800-ն ընդհանրապես տեղյակ չեն ոչ մի բանից, իրենց համար միևնույն է, թե ինչ կլինի, իրենք մտածում են օրվա հացը ոնց վաստակեն, ոնց երեխաներին կերակրեն, հնարավորության դեպքում՝ ոնց գնան Հաաստանից»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանում ապրող միայն շատ փոքր հատվածն է, որ մտահոգվում է և փորձում ընդվզել։