Ուղիղ եթեր
Ալեն Սիմոնյանը որոշելու փոխարեն՝ տրտնջում է ռուսերեն
copy image url

Ալեն Սիմոնյանը որոշելու փոխարեն՝ տրտնջում է ռուսերեն

Միտք Ներքին 4 ժամ առաջ - 13:30 03-07-2025
Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ռուսերեն գրառում էր արել՝ շեշտելով, որ «ռուս-հայկական հարաբերությունները փչացնելու խնդիրը» լավագույնս լուծում են ոչ թե արևմտյան հատուկ ծառայությունները, ոչ թե առասպելական գործակալները և ոչ թե ՀԿ-ները, այլ որոշ ռուսական պետական հեռուստաալիքներ, լրագրողներ ու խմբագիրներ։ «Այնպես որ, հերթապահ կաղապարների և վհուկների որսի փոխարեն՝ փորձեք վերջապես ինքներդ ձեզ տալ մեկ, բայց անկեղծ հարց. Ինչո՞ւ։ Եվ ոչ թե՝ Ո՞վ։ Սա պետք է դադարեցվի։ Կամ դուք կդադարեցնեք, կամ դա կանենք մենք»,- գրել է նա, դիմելով ռուս հեռուստահաղորդավարներին, պատգամավորներին, ակնարկելով, որ կարող են ՀՀ-ում փակել ռուսական հեռուստաալիքները։

Ինչո՞ւ է ՀՀ ԱԺ նախագահը ռուսերեն գրում, ինչո՞ւ «հայ-ռուսական» ասելու փոխարեն, ասում է «ռուս-հայկական։ Եվ ինչո՞ւ ռուսական ԹՎ-ները փակելու թեման քննարկում է սոցցանցում, ոչ թե ՀՀ ԱԺ ամբիոնից։

Նախ՝ ԱԺ նախագահը խախտում է Լեզվի մասին օրենքը։ Ի՞նչ իմաստ ունի ռուսերեն գրելը, երբ հնարավոր է մեկ վայրկյանում թարգմանել սոցհարթակում գրված տեքստը։ Ալեն Սիմոնյանն իր մտքերը հայերեն չի կարողանո՞ւմ շարադրել։ Թե՞ ռուս գործընկերներին քծնելու համար է ռուսերեն գրում։

Հայ քաղաքական տեքստում միջազգային հարաբերություններին ադրադառնալիս գրվում է՝ հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-հնդկական և այլն։ Այսինքն՝ առաջինը գրվում է հայ, երկրորդը՝ այն ազգի անունը, ում հետ հարաբերվում է։ Այսպես ընդգծում ենք, որ աշխարհը դիտում ենք ՀՀ ազգային շահերի կետից, ՀՀ հայացքով, մաթեմատիկական լեզվով ասած՝ վեկտորի կետը ՀՀ-ն է, սլաքը՝ այն երկիրը, որի հետ հարաբերվում է։ ՀՀ ԱԺ նախագահը, հայ-ռուսական ասելու փոխարեն՝ ռուս-հայկական ասելով, ցույց է ցույց է տալիս, որ կա՛մ այս տարրական նորմը չգիտի, կա՛մ ռուս է, աշխարհը, իրերը դիտում է ՌԴ ազգային շահերի պրիզմայով։

Խորհրդային բռնազավթման տարիներին ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում էին Ղազախստանից մինչև Բեռլին։ Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրները փակել են ռուսական ալիքները։ Միայն ՀՀ-ում են դրանք հեռարձակվում։ Գերմանացին, լեհը, չեխը, վրացին, ղազախն ու ղրղզը փակել են ռուսական ալիքները, որովհետև ընտրել են անկախությունը։ Իսկ ռուսական ալիքները անվտանգային խնդիրներ, էքսպանսիոն ռիսկեր կարող էին ստեղծել, վերստին մեծացնելով ռուսական մշակութային, քաղաքական ազդեցությունը, որից նրանք հազիվ ազատվել են, վերականգնել իրենց պետությունը, իրականացրել ազգային երազանքը։ Այսինքն՝ մեր երբեմնի բախտակիցները, փակելով ռուսական ալիքները, չեզոքացրել են ռուսական վտանգը։

ԱԺ նախագահը վերջում հարցնում է՝ ինչո՞ւ։ Քաղաքական տարրական կրթություն ունեցողն այս հարցի պատասխանը գիտի։ ԱԺ նախագահը չգիտի՞, որ ՀՀ-ն ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ է, ինչն արդեն հիմք է ասելու, որ ռուսական ազդեցության գոտի է։ Իսկ ՀՀ-ում ռուսական ռազմակայանն ու ազգային մուլտիլեքսով հեռարձակվող ռուսական ալիքները լիարժեք հիմք են պնդելու, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է։ Ռուս լրագրողը, պատգամավորը, հրապարակախոսը քննադատում են Նիկոլ Փաշինյանին, խառնվում ՀՀ ներքին հարցերին, որովհետև ՀՀ-ն խորհրդային բռնազավթման իներցիայով դիտում են որպես ռուսական ազդեցության գոտի, իրենց ֆորպոստը, բոստանը։

Տրամաբանություն ունեցողը կարող է լուծում գտնել այս իրավիճակում։ Մտածելու կարողություն չունեցողն էլ կարող է պարզապես ընդօրինակել երբեմնի բախտակից երկրներին։ Եթե ՀՀ-ն երբեմնի բախտակից երկրների օրինակով՝ դուրս հրավիրի ռուսական ռազմակայանը, փակի ռուսական ալիքները, լյուստրացիա և դեսովետիզացում անի, այսպիսով ցույց կտա, որ ռուսական ազդեցության գոտի չէ, անկախ պետություն է։ Ռուսներն էլ մի 10 տարի կնվնվան ու կհաշտվեն իրականության հետ, որ Հայաստանն անկախ է, ռուսական ֆորպոստ չէ։ Այդպես հաշտվել են մեր երբեմնի բախտակից երկրների անկախացման պարագայում։

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանն այս գրառմամբ ապապետական, չհայկական, անատամ դիրքորոշում է արտահայտում։ ԱԺ նախագահն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, գործնական քայլ անելու փոխարեն՝ բավարարվում է ռուսերեն տրտնջալով։ Սա հուսահատեցնում է։ Եթե ԱԺ նախագահին ընդօրինակեն, ապա ՔՊ-ականները ռուսերենի խորացված կուրսեր կանցնեն, որ քաղաքականություն որոշելու փոխարեն՝ ռուսերեն տրտունջներ գրեն սոցցանցերում ու ձևացնեն, թե ազգային գործիչ են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից
09:00 Աննա Հակոբյանն իզուր է կարդում Ֆինլանդիայի պատմությունը 
22:35 Առաջարկել են Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող անցակետը «Թալեաթ փաշա» վերանվանել
11:52 Հոպ, արա, հե՛յ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աղազարյանին նիստերի դահլիճից հեռացրին
22:49  «Mercedes G»-ի վարորդը, ով հետախուզման մեջ էր, փորձել է խույս տալ պարեկներից՝ անցնելով կարմիր լույսերի տակով  
22:42 Բագրատ Սրբազանը թե՛ հոգեպես և թե՛ առողջապես շատ լավ վիճակում է. փաստաբան
19:29 Վարչապետի կինը կարդում է «Ֆինլանդիայի պատմությունը». Ռուբեն Վարդանյանը ՀՀ-ի համար վկայակոչում էր հենց Ֆինլանդիայի փորձը
10:17 Օրանգուտանին վեյփ տված մարզիկը հեռացվել է ակումբից