Ոչ մի օր՝ առանց Արցախի. Արմեն Հովհաննիսյան․ մարդը, գրողը, հայրենասերն ու քաղաքացին
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Արմեն Հովհաննիսյան․ մարդը, գրողը, հայրենասերն ու քաղաքացին

Ներքին 12 ժամ առաջ - 22:13 02-05-2025
Կապված եմ ձեզ հետ աշխարհում արար,
Հայրենի եզե՜րք, իմ տո՜ւն, իմ լեռնե՜ր,
Թող հազար անգամ զարկվեմ ձեզ համար,
Միայն ձեզանից հեռո՜ւ չմեռնեմ:

Արմեն Հովհաննիսյան


Երբ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին վախճանվեց 1974-83 թվականներին Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը, մտավորականներից մեկն ասաց, թե հատկապես իր դեպքում կարելի է ասել, որ Պարույր Սևակի հիշատակին գրված՝ Գուսան Շահենի հայտնի երգի տողերը նաև նրան են սազում․

Որպես մի ծաղիկ՝ հողից դուրս ելա,
Կյանքին ժպտացի, անցա-գնացի։

Մի կողմից կորսված հայրենիքի կարոտը, մյուս կողմից ոչ բարենպաստ մթնոլորտը հուշում են պատմել արցախցի հրաշալի մարդկանց մասին, ովքեր եղել են բարոյականության, համերաշխության, մարդասիրության, հայրենասիրության, դաստիարակվածության, քաղաքավարության ու նրբակրթության օրինակ։ Ու կարողացել են ապրել, մնալ այդպիսին ոչ պակաս անբարենպաստ մթնոլորտում:



(արցախցի գրողների հետ․ առաջին շարքում աջից Արմեն Հովհաննիսյանն է)

Ծնվել է 1932 թվականի մայիսի 12-ին՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։
1968-ին ավարտել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։

Դեռ 1954 թվականից սկսում է բանաստեղծությունների շարքեր տպագրել Բաքվում հայերեն լույս տեսնող «Կոմունիստ»-ում։ Թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչ, արձակագիր Մարգար Դավթյանը դառնում է պագա բանաստեղծի հոգևոր հայրը և նրան սատարում ամեն կերպ։

1959 թվականին Արմեն Հովհաննիսյանը դառնում է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
ՀՀ և Արցախի ԳՄ, Արցախի ժուռնալիստների միության անդամ էր։

Վերջին տարիներին եղել է «Արցախի կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիրը։
Նրա «Գանձասար» բանաստեղծության բառերով է Գուրգեն Գաբրիելյանը գրել հայտնի երգը։
Հետմահու պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Նրան անձամբ եմ ճանաչել, ավելին՝ շատ մտերիմ էինք, և ուզում եմ մի բան ասել, չնայած, կարծես, մի տեսակ ընդունված չէ խոսել այդ մասին։ Ընդհանրապես, պաշտոնն Արցախում մի ուրիշ տեսակ հարգի էր։ Այլ բան է, որ դա էլ իր բացատրությունն ուներ՝ կայանալու համար հայ մարդն ընտրության մեծ հնարավորություն չուներ Ադրբեջանի տիրապետության տակ․ դու, հաստատապես, ոչնչի չէիր հասնի, եթե, անգամ, մի գլուխ բարձր էիր քո ադրբեջանցի արվեստագետ, գիտնական ու սպորտսմեն գործընկերներից։ Արմեն Հովհաննիսյանը պաշտոնամոլությունից հեռու էր այն աստիճան, որ դա նույնպես նկատելի իրողություն էր դարձել։

... Այնտեղ, ուր խաղ է, խաղի մեջ չկա՜մ,
Այնտեղ, ուր ցավն է, ցավիդ մե՜ջ եմ ես,- գրել է նա։

Ընդհանրապես, նրա գլխավոր արժանիքը, այցեքարտը, ու դա Արցախում հայտնի էր նրան ճանաչող բոլորին, բարոյական բարձր նկարագիրն էր։ Իր ողջ կյանքում նա մնաց հայ մտավորական, ում համար գլխավոր արժեքներն էին հայրենիքը, հայոց լեզուն, ընտանիքն ու մարդիկ, ովքեր շրջապատել են իրեն։ Ասել, թե նրա կյանքի ուղին հարթ է եղել, ճիշտ չի լինի՝ միջավայրը, որում ապրում էր ինքը, մշտապես հագեցած էր դավերով ու խարդավանքներով։ Այո, իրականությունը դա է։ Չափազանց դժվար էր լինել հայ բանաստեղծ, առավել ևս՝ Արցախի գրողների միության ղեկավարը և խուսափել ադրբեջանական ու մարզային իշխանությունների եւ կուսակցական մարմինների հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ պահպանել։ Եվ ինչպես մեկն է վկայել՝ շատ բան կոնպենսացվում էր նրա բյուրեղյա հոգու հաշվին։ Երևի թե միակ կոմունիստ էր, որ նաև հավատում էր Աստծուն։

Աստվա՜ծ իմ, Տե՛ր իմ, պագնեմ քո ոտը,
Առաջնորդիր մեզ, օրհասից փրկիր,
Ինչպես Մովսեսն էր տանում իր հոտը
Եգիպտոսից մինչ Ավետյաց երկիր…

Մեր ծուխն ու մուխը երկինք է հասել,
Մի՞թե չես առնում դու մահահոտը,
Մեղա՜ քեզ, Տե՛ր իմ, թույլ տուր, որ ասեմ՝
Անտերության ես մատնում քո հոտը…

Ազնիվ ու պարկեշտ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը նաև ըմբոստ հայրենասեր էր․ ինչպես վկայել է արձակագիր Լևոն Ադյանը, երբ 1988-ի փետրվարի 22-ին կուսակտիվում, որին ներկա էին ԽՍՀՄ Քաղբյուրոյի անդամներ Դեմիչևն ու Ռազումովսկին, ինչպես Նաև Ադրբեջանի ղեկավար Բաղիրովը, վերջին շարքերից մեկը բարկացած բղավել է, որ այս ամբողջն Ալիևի սարքածն է։ Դա չտեսնված, անհավանական հանդգնություն էր։ Բոլորը շրջվեցին ու տեսան, որ դա մարզկոմի հրահանգիչ Արմեն հովհաննիսյանն է։

Ի՛ՄՆ Է ԱՅՍ ՀՈՂԸ
Անընդունելի վեճեր ու վճիռ...
Զսպելով հոգուս տագնապն ու դողը`
Մռավա սարի բարձունքից վճիտ
Ես քեզ ասում եմ` ի՛մն է այս հողը:

Ահ չունեմ բնավ սրի դեմ, մահի,
Կռվում այս ինձ հետ ինչ էլ պատահի,
Դաշույն խրելով իմ չարյաց կողը,
Ես կասեմ էլի` ի՜մն է այս հողը,- գրել է նա այդ ժամանակ:

Դե իսկ նրա ավանդական հայ ընտանիքն օրինակ է եղել բոլորի համար։ Նրա և իր կնոջ (հենց նրան՝ տիկին Ջուլիետտային է նվիրված իր այս բանաստեղծությունը)՝ մինչև իր կյանքի վերջը շարունակված սերը, միասնությունն ուղղակի օրինակելի էին:



Երբ հողը հանկարծ ինձ իր գիրկն առնի,
Եվ ինձ չհասնի քո կանչն աղեկեզ,
Ես ինչպե՞ս պիտի հարություն առնեմ,
Եվ ի՞նչ ճամփեքով ընդառաջ գամ քեզ:

Ուր էլ որ լինես՝ հայտնվելու եմ ես,
Բոլոր ճամփեքը թեպետ ամպել են,
Քո սերն աղոթքի խարան է ասես,
Դո՜ւ ես հարության իմ առասպելը…


(Արմեն Հովհաննիսյանը՝ թոռնուհու՝ «Ակունք» թերթի նախկին գլխավոր խմբագիր Անի Ավանեսյանի հետ)

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝
այստեղ:

Ամենից շատ դիտված

21:57 Հրդեհից զոհված զինվորներից ոչ մեկը քնած չի եղել. հրամանատարի բացահայտումը. տեսանյութ
16:38 Կրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը
12:05 Վարդան Ղուկասյանը վերադառնալու է. հայտարարություն
12:14 Սա ոչ այլ ինչ է, քան ծաղր․ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ՝ «Հայաստան» խմբակցության հայտարարության մասին
12:56 Գուցե հաքերները «Հայաստան» դաշինքի էջը կոտրել են․ Էդգար Ղազարյանը չի ուզում հավատալ աչքի տեսածին 
16:29 Շատ եք նիհարել, Փաշինյա՛ն ջան, հեղափոխությունից հետո ե՞րբ եք մեզ բնակարան տալու․ վանաձորցիներ
18:16 Պադավապետությունը՝ ընդդեմ հասարակության. Փաշինյանի ավտոշարասյունը կաթվածահար է արել երթևեկությունը
11:45 Սիրուշոն պատմել է, թե կարմիր վարդերով զգեստը ստեղծելիս ումից է ոգեշնչվել
07:20 Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37. Ժողովուրդ
11:17 Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու նրա կամքն է. Դավիթ Վարդանյան