Միքայել Սրբազանին կկալանավորե՞ն, Էջմիածնում լարված էր, Աշոտ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 21:39 27-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 27-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր առավոտվանից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում։ Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Էջմիածնում է, որտեղ հավաքված են նաև բազմաթիվ հոգևորականներ: Իրավիճակը Մայր Աթոռում պարբերաբար լարվում էր, քաշքշուկ էր սկսվում տեղում հավաքված հոգևորականների և ուժայինների միջև: «Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարեց, որ Միքայել սրբազանի հետ գնալու է իրենց փաստաբանը, իսկ մյուսները այսօր վեհարանում քննարկում են անելու: «Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը գործի», - Վեհափառ հայրապետը։

Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները փորձեցին թույլ չտալ, որ իրավապահները Աջապահյանին տանեն Էջմիածնից, ինչից հետո իրավիճակը կրկին լարվեց։ Միքայել Աջապահյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին վերադարձավ Վեհարան, իսկ ուժայիններին տեղում միացան նաև կարմիրբերետավորները։ Ազգային անվտանգության ծառայությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ արցեց չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։ «Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել ավտոմեքենա: Երկրորդ անգամ ևս փորձը արվեց, նորից մենք չկարողացանք: Այնպես որ, որևէ մեկը չի պահմտնում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,- Մայր Աթոռի մոտ հայտարարեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ չպատասխանելով հարցերի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և ըստ իրենց հայտարարության դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից:

Ժամը 15։30-ի սահմաններում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ Միքայել սրբազանը և փաստաբանական խումբը հիմա ինքնակամ գնում են Քննչական կոմիտե: «Ես որևիցե բանից չեմ վախենում, մեղադրանքը բացարձակ շինծու է, ապօրինի: Ես երբեք չեմ թաքնվել, չեմ թաքնվում: Ասածներիցս չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել։ Միակ խնդրանքս է, որ թողնեք, որպեսզի ես նստեմ մեքենան ու մեր սիրելի փաստաբանի հետ գնամ Քննչական կոմիտե ներկայանալու», - ասաց Միքայել Սրբազանը։ Հավաքված քաղաքացիները շրջափակելով մեքենան, որով Սրբազանը փորձում էր հեռանալ, չթույլատրեցին նրան գնալ Քննչական կոմիտե: Միքայել Սրբազանն իջնելով մեքենայից հայտարարեց, որ Երևան է շարժվում ոտքով․ նա երթը սկսեց ոտքով, ապա որոշ ժամանակ անց նստեց մեքենա՝ ճանապարհը շարունակելու համար: Ժամը 17։40-ի սահմաններում Աջապահյանը ժամանեց Քննչական կոմիտե և իրավապահների ուղեկցությամբ մտավ ներս: Ողջ Քննչական կոմիտեն շրջափակված է ոստիկաններով, Կոմիտե տանող փողոցը փակ է:

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց՝ լրագրողներին խնդրելով չհետապնդել իրեն։ «Ասուլիս կտամ, կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանելու հարցերի»,- ասել նա։ Փոխարենը կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան գրառումներով էր արձագանքում իրավապահների գործողություններին։ «Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»,- գրել է Փաշինյանը։ Մեկ րոպե անց նա կրկին գրառում է կատարել և թիրախավորել Միքայել Սրբազանին․ «Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։ Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»։ Րոպեներ անց էլ Փաշինյանը մեկ այլ գրառում կատարեց՝ նշելով․ «Եւս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»։

Մանրամասները՝ տեսանյութում: