Ուղիղ եթեր
Սյունիքում կրակոցների ձայների տակ խաղաղությա՞ն են պատրաստվում 
copy image url

Սյունիքում կրակոցների ձայների տակ խաղաղությա՞ն են պատրաստվում 

Միտք Ներքին 6 օր առաջ - 09:00 26-03-2025
Ժողովրդին նյարդայնացնելը, տագնապ պատճառելը, խուճապի մատնելը, զզվեցնելը հոգեբանական ազդեցության զենքեր են, որոնք կիրառվում են չբարեկամի, թշնամու կողմից։ Սյունիքի սահմանամերձ գյուղերում լսվող կրակոցների մասին տեսանյութեր են տարածվում համացանցում։ Դրանք որոշ մարդկանց տագնապ են պատճառում, ոմանց նյարդայնացնում։ Կրակոցները լսվում են գիշերվա ժամերին։ Մարդիկ, հավանաբար, չեն կարողանում քնել կրակոցների ձայների տակ։ Ի՞նչ է սա նշանակում, որտեղի՞ց և ինչու՞ են կրակում, և ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի անդրադառնում դրանց։

Հարցերի շարքը կարելի է շարունակել, սակայն ամենաառաջին հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ ՊՆ-ն չի արձագանքում սահմանային գյուղերում լսվող կրակոցների ձայների մասին տեսանյութերին։ Հրադարարի խախտու՞մ է, սադրա՞նք է, գուցե տեսանյութերը կե՞ղծ են։

Մարտի 25-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն ի վերջո արձագանքեց, տարածելով հետևյալ պարզաբանումը՝ «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»։

Այսպիսով՝ ՊՆ-ի մակարդակով պաշտոնապես հաստատվեց, որ համացանցում տարածված տեսանյութերն իրական են, ակնարկվեց, որ կրակում են Ադրբեջանի տարածքից, սակայն ընդգծվեց, որ դրանք ՀՀ տարածքի ուղղությամբ չեն, չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Պաշտպանության նախարարության այս պատասխանը գուցե և սպառիչ է։ Սակայն խաղաղության օրակարգով առաջնորդվող, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտած ու այն ստորագրելու պատրաստակամություն հայտնող ՔՊ-ական իշխանությունները կարող էին ինչ-որ գնահատական տան սրան։

Օրինակ՝ ՔՊ-ական որևէ պատգամավոր կարող էր անդրադառնալ այդ տեսանյութերին և սահմանամերձ գյուղերի հարևանությամբ հնչող կրակոցները որակել հոգաբանական սադրանք, ակնհայտ ոչ բարեկամական վերաբերմունք։ ԱԳ նախարարը կարող էր անդրադառնալ այս կրակոցների ձայներին, կոչ անելով Ադրբեջանին ավելորդ լարվածություն չառաջացնել, չնայրդայնացնել ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Իր բաժին դիտողությունը կարող էր անել Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին, հանդիմանել Բաքվին, որ իզուր է դիմում այդօրինակ սադրանքների։ Սյունիքի մարզպետը կարող էր կոչ անել մարզի բնակիչներին խուճապի չմատնվել, չնայդայնանալ, ամուր փակել պատուհանները։ ՊՆ նախարարը նույնպես իր բաժին դիտողությունը կարող էր անել, վերահաստատելով չկրակելու մասին հրամանը և այլն։ Այսինքն՝ այն, ինչ ասել են բազմիցս, տարբեր առիթներով, նույնը կարող էին ասել նաև այս պարագայում։

Ենթադրելի է, որ ՀՀ պաշտոնական հրապարակավ արձագանքի բացակայությունից կարող են առիթավորվել ադրբեջանցիները և ավելի ինտենսիվ նյարդայնացնել Սյունիքի գյուղերի բնակիչներին։ Նրանք, հավանաբար՝ հույս են փայփայում, որ գյուղացիներից ինչ-որ մեկի նյարդերը մի օր տեղի կտան։ ՀՀ պաշտոնյաների նման արձագանքները կարող էին ի դերև հանել չբարեկամների այս ստոր հաշվարկը։ Այդպիսով գուցե ոչ միայն կսաստեին չբարեկամներին, այլև խաղաղության բանակցությունների ավարտով ոգևորված միջազգային գործընկերների ուշադրությունը կհրավիրիեն գիշերային այդ սադրանքների փաստին։ Նկատենք, որ գիշերային կրակոցների ձայներն ուժգնացան, երբ Սյունիք այցելեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Գուցե չբարեկամները այդպես նրա՞ն էին «ողջունում»։

Պարզ ասած՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող ՀՀ իշխանությունները պարտավոր են ապահովել ոչ միայն սահմանների պաշտպանությունն, այլև պաշտպանել սամանամերձ բնակչությանը հոգեբանական գրոհներից։ Եվ այս հարցում անգործությունը ոչ թե զգուշավորություն է կամ խաղաղության օրակարգին հավատարմություն, այլ չարդարացված անտարբերություն գիշերը չբարեկամների կրակոցների ձայներից չքնող քաղաքացիների նկատմամբ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված