Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կառավարությանը կառաջարկի Արթուր Նահապետյանի թեկնածությունը։ Նա ներկայումս զբաղեցնում է ՔԿ փոխնախագահի պաշտոնը։
Կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել հարցազրույցի փուլն անցած երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ և որոշել կառավարությանն առաջարկել հենց Նահապետյանի թեկնածությունը։ Վերջինս, ըստ Նիկոլ Փաշինյանի, մրցութային փուլում թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է ստացել։
Oragir.News-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության գործընթացից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել․
Մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Արթուր Նահապետյանից հետաքրքվել է՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ վերջինս պետությունից Երևանում բնակարան վարձակալելու համար փոխհատուցում է ստացել։ Ի պատասխան՝ Նահապետյանը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ իր բնակարանը գտնվում է Գյումրիում, ուստի Երևանում բնակարան վարձակալելու համար Դատական դեպարտամենտից փոխհատուցում է ստացել։
Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթուր Նահապետյանը Երևանում բնակարան չի վարձակալել, նա բնակվել է իր զոքանչի տանը, սակայն այնուամենայնիվ բնակարան վարձակալելու փոխհատուցում է ստացել։
Բավականին հետաքրքիր պատկեր էր առկա նաև Արթուր Նահապետյանի հայտարարագրում․
Նա 2023 թվականի հաշվետու տարում ունեցել է 21 մլն 115․164 դրամ եկամուտ, որից 11 մլն 227․192 դրամը Բարձրագույն դատական խորհրդից, 2 մլն 968․302 դրամը՝ Ազգային անվտանգության ծառայությունից, 72 հազար դրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած աշխատավարձն է, 3 մլն դրամը ՎՏԲ Հայաստան, 114 հազար դրամը՝ Ակբա բանկից ստացված փոխառությունները, 2 մլն 848․670 դրամը՝ ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտը, 690 հազար դրամը ՀՀ Դատական դեպարտամենտից, իսկ 195 հազար դրամը ԱԱԾ-ից ստացած փոխհատուցումը՝ բնակարան վարձակալելու դիմաց։
Բացի այդ, Արթուր Նահապետյանը տարեսկզբին ունեցել է 7 մլն 600 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 4 մլն 200 հազար դրամ։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 96․553 դրամ, տարեվերջին՝ 282․172 դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 107․182 դրամ։
Նա իր եկամուտներից 9 մլն 500 հազար դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին, 3 մլն 875․483 դրամ էլ՝ վարկի մարմանն ուղղած վճարումներին։
Այսպիսով՝ թեպետ Հակակոռուպցիոն կոմիտեի ապագա ղեկավարը նախորդ տարի ավելի քան 21 մլն դրամ եկամուտ և 7․6 մլն դրամ կանխիկ գումար է ունեցել, սակայն վերջինս պահը չի կորցրել ու բնակարանի վարձակալության համար 885 հազար դրամ փոխհատուցում է ստացել։ Ընդ որում, այս գումարը չի ծառայել իր բուն նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ՔԿ ղեկավարը Երևանում բնակվել է իր զոքանչի տանը։Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր անցած նոյեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ։