Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններից հետո Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն։ Այս կապակցությամբ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս այս փաստաթղթի ստորագրմանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծեց՝ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
Պաշտոնական Թեհրանն էլ այսօր հայտարարեց՝ Ռուսաստանն ու Իրանը մտադիր չեն ռազմական դաշինք ստորագրել։ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչիի խոսքով՝ ռուս-իրանական ստորագրվելիք համաձայնագիրն ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, բայց այն չի ենթադրում ռազմական դաշինքի ձևավորում։
Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց՝ իրականում ակնհայտ է, որ երկու երկրների շահերը բազմաթիվ կետերում համընկնում են՝ սկսած Մերձավոր Արևելքից մինչև հակաարևմտյան պայքար․
«Այս համատեքստում եթե գործընթացը դիտարկում ենք Իրանի տեսանկյունից, ապա դա լրացուցիչ անվտանգային բարձիկ է Իրանի համար, հատկապես Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ։ Այս իմաստով իրանական կողմը փորձում է իր անվտանգային ճարտարապետությունը դարձնել բազմաբաղադրիչ, այդ թվում Ռուսաստանի հետ խորը և բազմակողմանի հարաբերությունների վերաբերյալ այս դաշինքը կնքելով։ Եթե ռուսական կողմից ենք դիտարկում գործընթացը, ապա հաշվի առնելով ուկրաինական պատերազմը և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հավակնությունները, ապա այստեղ ևս ակնհայտ է՝ Մոսկվային նույնպես ձեռնտու է նման դաշինքի կնքումը։ Հետևաբար համընկնող շահերի պայմաններում նման դաշինքի ստեղծումը երկու կողմի համար էլ ըստ էության արդիական է և ապահովում է նրանց կենսական շահերի որոշակի հատվածը»։
Անդրադառնալով այն պնդումներին, որ Իրանն այս համաձայնագրով փորձում է մտնել ռուսական միջուկային հովանոցի տակ՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ իր կարծիքով Իրանում նման հեռագնա ծրագիր չկա։ Ըստ նրա՝ իրանցիներն իրենք ունեն իրենց սեփական միջուկային ծրագիրը, որում արդեն զգալի հաջողություններ են գրանցել։ «Ընդհուպ նաև այն, որ դատելով տարբեր հրապարակումներից՝ Իրանն այժմ ի զորու է շատ կարճ ժամկետում ունենալ նույնիսկ սեփական միջուկային զենքը։ Հետևաբար՝ չեմ կարծում, որ նպատակը դա է, սովորական սպառազինությունների ոլորտում էլ կողմերը համագործակցում են ու այս ուղղությամբ էլ համագործակցության խորացումը բխում է թե՛ ռուսական, թե՛ իրանական կողմի շահերից»,- նկատում է նա։
Oragir.News-ի հարցին՝ Հայաստանի տեսանկյունից այս համաձայնագրի ստորագրումն ի՞նչ կարող են տալ, ու որքանո՞վ են արդարացված այն պնդումները, որ դա էականորեն կնվազեցնի ՀՀ-ի դեմ ադրբեջանական հարձակման վտանգը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով նաև այն հարաբերությունները, որոնք այսօր մեր երկիրն ունի Իրանի հետ․ «Այդ հարաբերությունները միանշանակ բարեկամական են և նաև ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ անվտանգ ու հզոր Իրանը չափազանց կարևոր է մեր կենսական շահերի տեսանկյունից, որովհետև Իրանի նման կարգավիճակն ապահովում է Հայաստանի անվտանգային ճարտարապետության որոշակի բաղադրիչ, հատկապես կապված Սյունիքի մարզի, այսպես կոչված «զանգեզուրյան» միջանցքի հետ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ-ն չնայած Երևանից հնչող զանազան՝ հաճախ տարաբնույթ հայտարարությունների, շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության դաշնակիցը։ Հետևաբար՝ եթե բարեկամական և դաշնակից պետությունների միջև կնքվում է համագործակցության ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որն ապահովում է երկու կողմերի անվտանգության մակարդակի բարձրացում, ապա դա բխում է նաև մեր շահերից։ Սրա հետ, ոչ պետք է կապել ասեմ այսպես շատ մեծ հույսեր, ոչ էլ պետք է թերագնահատել գործընթացը։ Հայաստանի անվտանգության ապահովման առաջնային խնդիրը պետք է լուծենք մենք և սա պետք է լինի առանցքային բոլոր մոտեցումներում»։
Վարդան Ոսկանյանը հավելում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և իրանցիները շարունակում են դա դիտարկել որպես կարմիր գիծ, ընդ որում անխախտելի կարմիր գիծ։ «Ամենայն հավանականությամբ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Բաքվում սրա վերաբերյալ եթե չասեմ զգուշացրել է, ապա առնվազն տեղեկացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբին՝ տարբեր մակարդակներում, ներառյալ կարծում եմ նաև այդ վարչախմբի պարագլխին՝ Իլհամ Ալիևին»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան