Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:24 24-10-2022

Բոլոր երկրների շահերից է բխում մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին․ Ալիև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում քննարկել են համատեղ նախագծերը առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Minval.az» լրատվական գործակալությունը։

Վրաստանի վարչապետը Ալիևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է։ «Վրաստանը Ադրբեջանի համար կարևորագույն երկրներից և բարեկամներից մեկն է։ Իսկ Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերն է»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են արդեն իսկ իրականացված ռազմավարական նախագծերը, որոնք, ըստ Ղարիբաշվիլիի, կարելի է պատմական անվանել։ Վրաստանի վարչապետն այդ նախագծերի շարքում հիշատակել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Հարավային գազային միջանցքի նախագծերը:

Միևնույն ժամանակ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկաթուղային Միջին միջանցքի կարևորությունը։ «Մենք, պարոն նախագահ, վերահաստատում ենք մեր լիակատար պատրաստակամությունը՝ առավելագույնս ակտիվացնելու հարաբերությունները ինչպես ընթացիկ, այնպես էլ ծրագրված նախագծերի իրականացման համար», - հայտնել է Ղարիբաշվիլին։

Վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բոլոր երկրների շահերից է բխում մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, օգտագործել վրացական նավահանգիստները Կենտրոնական Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման համար։ Ալիևը նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75%-ով։

«Պետք է ասեմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարող է օգտագործվել հինգ միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար, հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս երթուղին՝ Կասպից ծովով, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Եվրոպա բեռներ փոխադրելու, ինչպես նաև նոր ուղիներ մշակելու համար»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ աշխարհում աճում է էներգակիրների պահանջարկը, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված են նույն ճակատում։

«Մենք միասին աշխատելու ենք, որպեսզի մեր ազգային շահերը և եղբայրական ժողովրդի շահերը կառուցվեն նման հարաբերությունների վրա, ինչպես նաև ստեղծել այնպիսի կարևոր հարաբերություններ, որոնք օգուտ կբերեն աշխարհին։ Սա հիմնված է մեր բարեկամության վրա՝ մեր ժողովուրդների, մեր երկրների և մեր երկրների ղեկավարների աջակցությամբ»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։