Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:30 08-01-2025

Ժողովրդավարությունը փչացրին, հերթը հասավ անգլերենին

Չնայած ՔՊ-ական իշխանությունը ձևացնում է, թե դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականությունը, մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, չի ենթարկվում ռուսական թելադրանքներին, սակայն իրականում՝ գործուն քայլեր չեն արվում։ Մասնավորապես՝ Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման հարցում էական նշանակություն ունի անգլերենի ուսուցումը, որը ՀՀ-ում շատ ցածր մակարդակի վրա է։ Այս մասին հիմնավոր և փաստարկված գնահատականներ կան կրթության մասնագետների, անգլերենի տարածման ջատագովների կողմից։ Ի տարբերություն անգլերենի, ռուսերենի դիրքերը շատ բարձր են կրթական հաստատություններում։ Եվ ցանկացած դիտորդի համար տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն ռուսական ուղեծրից դուրս գալու մտադրություն չունի։ Ինչպե՞ս ՀՀ իշխանությունը կարող է բարձրացնել անգլերենի դերը։ Եվ ի՞նչ է արվում այս ուղղությամբ։

Պարզ դիտարկմամբ՝ կարելի է հանրակրթական դպրոցներում, քոլեջներում, բուհերում ավելացնել անգլերենի ժամերը, ընդլայնել, խորացնել անգլերենի ծրագրերը։ ՔՊ-ական իշխանությունն այս պարզ քայլն անելու խիզախություն չունի, քանի որ կարող է արժանանալ Մոսկվայի հանդիմանանքին։ Մյուս կողմից՝ չի կարող խոստովանել, որ ռուսական էքսպանսիան սպասարկող է, քանի որ կարող է արժանանալ Արևմուտքի գործընկերների հանդիմանանքին։ Այս իրավիճակում մանիպուլյացիայի վարպետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին տեսանյութ է հրապարակում, թե անգլերեն է սովորում։ «Աշխատանքային ժամի մեկնարկից առաջ անգլերեն եմ պարապում։ Համացանցում գերազանց անվճար դասեր կան։ Սովորենք լեզուներ»,-գրում է նա։

Այսպիսով՝ ՔՊ-ական իշխանությունը ցույց է տալիս, որ մտադիր է անգլերենի հանրայնացման պատասխանատվությունը գցել ժողովրդի գրպանը։ Սա փորձված գործելաոճ է դարձել։ Հետո կարող են ասել, որ Նիկոլ Փաշինյանը գովազդել է, որ համացանցում գերազանց անգլերեն անվճար դասերի մասին, անձնական օրինակով ցույց է տվել, որ կարելի է անգլերեն սովորել համացանցով։ Սակայն ժողովուրդը ծույլ է, սովորել չի սիրում, չի ուզում անգլերեն սովորել։ Արդյունքում՝ և՛ Մոսկվայի գործընկերների հետ չեն փչացնի հարաբերությունները, և՛ Արևմուտքի առաջ կարող են արդարանալ, թե Փաշինյանն, ինքն, անգլերենի ջատագով է, բայց ժողովուրդը չի ուզում։

Փաշինյանի այս գրառումն արդարացի վրդովմունք է առաջացրել կրթության փորձագետների, անգլերենի իրական ջատագովների շրջանում։ Եթե համացանցով կարելի է լեզուներ սովորել, ապա ինչու՞ են դա տարածում միայն անգլերենի վրա, ինչու՞ դպրոցներում, կրթօջախներում չեն կրճատում ռուսերենի ծրագրերը, ժողովրդին կոչ անելով համացանցով սովորել լեզուները։

Ի վերջո՝ հարկ է գիտակցել, որ անգլերենի ուսուցումը քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ներկայիս դոմինանտ քաղաքակրթության լեզուն անգլերենն է։ Անգլերենի հանրայանացումը քաղաքակրթական տրանֆորմացիայի բաղադրիչ է։ Եթե ՀՀ-ն իրոք՝ ձգտում է քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ մասը դառնալ, ապա կարող են վերապատրաստել անգլերենի մասնագետների, անգլերենի ժամերն ավելացնել դպրոցներում։ Օրինակ՝ դպրոցներում կարող են «Անգլերեն գրականություն» առարկա ներմուծել, անգլերենով ստեղծված արժեքավոր գրականության հետ ծանոթացնել սովորողներին։

Այս առումով՝ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր անտարբերություն դրսևորում կարևոր հարցի հանդեպ։ Հանրային մտավախություն կա, որ ինչպես ժողովրդավարության հարցում է հետընթաց արձանագրվել, այնպես էլ անգլերենի հանրայնացումն են տապալելու, ավելի վատթարացնելու իրավիճակը, խորացնելով անվտանգային ռիսկերը։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի՝ համացանցով անգլերեն սովորելու մասին գրառումն առաջ է բերում ողջամիտ կասկած, որ առաջիկայում անգլերենը դուրս են մղելու դպրոցից, իսկ անգլերեն սովորել ցանկացողին ցույց կտան համացանցի նշանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը