Ուղիղ եթեր
ՔՊ-ում իշխանափոխության հարց է քննարկվում
copy image url

ՔՊ-ում իշխանափոխության հարց է քննարկվում

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 09:00 17-12-2024
ՔՊ-ի վերարտադրվելու շանսը նվազում է։ Աղմկահարույց պաշտոնանկություններից, ներկուսակցական սկանդալներից հետո իշխող կուսակցության վարկանիշն ընկել է։ Կա նաև արտաքին վտանգ։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել Մոսկվայի աջակցությամբ։ Դրա դիմաց խոստացել է անփոփոխ թողնել հայ-ռուսական օրակարգը։ Սակայն 2022-ից հետո դիվերսիֆիկացում են անում անվտանգային, պաշտպանական ոլորտներում։ Ռուսական զորքերը դուրս են բերվել «Զվարթնոցից», հայ-ադրբեջանական սահմանից, ՀՀ-ն միացել է Հռոմի ստատուտին, երկրի ղեկավարն ակնարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու, ԵՄ-ին միանալու մտադրության մասին։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Փաշինյանն առաջիկա ԱԺ ընտրություններում չի ստանա Մոսկվայի աջակցությունը, ինչպես 2021-ին ստացավ։

Ներքին ու արտաքին իրավիճակը գնահատելով, ՔՊ-ն դեկտեմբերի 14-ին Աշտարակում գումարված քաղաքական գաղտնի ժողովում ընդունել է 2 կարևոր որոշում։ 1. Կուսակցությունն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ։ 2. Առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի այն մարդկանցից, որոնք պաշտոնյաներ չեն:

Ենթադրելի է, որ ՔՊ-ն բարեվարքության ստանդարտի գործիքով իր շարքերից հեռացնելու է նրանց, որոնք չեն թաքցնում, որ ռուսական գործակալ են։ Իսկ 2-րդ որոշմամբ հայտարարվելու է համապետական զորահավաք։ Ինչպե՞ս կարող են համատարած դժգոհության պայմաններում ներգրավել մարդկանց։ Ովքե՞ր կներգրավվեն և ի՞նչ ակնկալիքով։

Առաջին հերթին՝ կուսակցության մեջ հարկադրաբար կմտցնեն մանր ու մեծ բոլոր պաշտոնյաներին, հրաժարվողներին սպառնալով գործից հանել։ Որպեսզի այդ սպառնալիքն իրական դառնա, ու ոչ ոք չկասկածի, որ ՔՊ չանդմագրվողին գործից կհեռացնեն, կսկսեն անդամագրել երիտասարդ պատեհապաշտներին։ Հաշվի առնելով, որ բազմաթիվ մարդիկ ողջամտորեն չեն հակառակվում իշխանությանը, ապա ենթադրելի է, որ այս խումբ մարդկանց մի մասը ևս կանդամագրվի։ Նորերից առավել ակտիվներին կներգրավեն «Իմ քայլի» ծրագրերում։ Նրանց մի մասը կստանա փող, ինչը ռեալ կգայթակղի ու կուսակցություն կբերի շատերին։

Ենթադրելի է, որ փող կտան նաև կամավորներին, ինչը պախարակելի չէ։ Կանխատեսելի է, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ «Կրթվելը նորաձև է» խորագրով կկազմակերպեն դասընթացներ նոր ներգրավված կուսակցականների և համակիրների համար, նրանց տալով կուսակցական թեթև առաջադրանքներ, որոնց կատարման համար կտան փող։ Այսպիսով՝ 2025-ին շատերը փող կվերցնեն ՔՊ-ից։ Իսկ ընտրարշավի շրջանում արդեն փորձված վերցնողներին կներգրավեն քարոզարշավին, որպես կամավորների, ու փող կտան։ Ընտրողներին տեղամաս բերողներին էլ առանձին կտան՝ ինչքան շատ քվե, այնքան շատ փող հին սկզբունքով։

Կա նաև բովանդակային ռեբրենդինգի խնդիր։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ խորացող հարաբերությունները, Մոսկվայի նկատմամբ վերանայվող վերաբերմունքը արտահայտվելու են ՔՊ-ի խոսույթում, ծրագրերում։ Այս խոսույթը ներկայացնելու համար ներգրավելու են այն մարդկանց, որոնք տևական ժամանակ խոսում են այս մասին։ Եվրաինտեգրման կողմնակից քաղաքագետ, վերլուծաբան, բլոգեր ներկայացողները կարող են դառնալ ՔՊ նոր խոսափողները, ժամանակավորապես փոխարինելով ՔՊ-ական հին ու մաշված, ժողովրդի զզվանքը վաստակած թիմակիցներին։

Կուսակցությունը նոր անդամներով համալրելն ունի ռիսկեր։ Կանխատեսելի է, որ մրցակից կուսակցությունները ՔՊ-ին կհանդիմանեն քողարկված ընտրակաշառք բաժանելու մեջ և կասկածի տակ կառնեն ընտրությունների լեգիտիմությունը։ Չի բացառվում նաև, որ պաշտոններ չզբաղեցնող նոր կուսակցականները առաջնորդի փոփոխության հարց բերեն օրակարգ և նախընտրական համագումարում Փաշինյանին տապալեն, քանի որ վերջինիս պայմանավորվածությունները Մոսկվայի հետ կաշկանդում են ՀՀ առաընթացն ու եվրաատլանտյան ինտեգրումը։

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ դեկտեմբերի 14-ի գաղտնի ժողովում ընդունված որոշումները տագնապ են առաջացրել իշխանության ներսում, քանի որ հանգեցնելու են պատրանքային կամ իրական իշխանափոխության։ Նոր անդամներով համալրվելը կարող է իշխանափոխության պատրանք ստեղծել, մեղմել հակակնիկոլական տրամադրությունները։ Իսկ եթե ռիսկային փոփոխությունները շրջվեն հին ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա իշխանափոխության պայքարը կարող է հաջողությամբ պսակվել՝ առանց ընդդիմադիրների գործուն ջանքերի։ Երկու դեպքում էլ այսօրվա ՔՊ-ականների մի մասը կզրկվեն պաշտոնից, դիրքից, պարգևավճարից։ Հետևաբար՝ կա ռիսկ, որ ՔՊ հին ու մաշված գվարդիան, հին ու նոր պաշտոնանկ արվածները, հեռացվածները կմիավորվեն և Մոսկվայի աջակցությամբ կտապալեն Փաշինյանին։

Կա նաև հոռետեսական ենթադրություն։ Եթե Փաշինյանը չկարողանա կառավարել թվարկված ռիսկերը, ապա ՔՊ-ում ոչինչ չի փոխվի, ապապետական խոսույթը կշարունակի հոսել բարձր ամբիոններից, ՀՀ-ն կմնա ռուսական ուղեծրում, առաջընթացի դուռը չի բացվի, ժողովրդի դժգոհությունն էլ կմոտենա հուսահատության խազին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ 
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի