Արտաքին 27 րոպե առաջ - 23:44 07-11-2026

ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Iron Gate օպերատիվ խմբի ստեղծման մասին, որը խոչընդոտելու է Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով զենքի, երկակի նշանակության տեխնոլոգիաների և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների փոխադրմանը։

Այս մասին հրամանատարությունը հայտնել է շաբաթ օրը՝ նախաձեռնությունը որակելով որպես Իրանի ծովային շրջափակման ընդլայնում։

«Iron Gate օպերատիվ խմբի ստեղծումն ամրապնդում է Իրանի նկատմամբ մեր խիստ ծովային շրջափակման հաջողությունը», — հայտարարել է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը։

Նրա խոսքով՝ ռազմական հրամանատարության համագործակցությունն ամերիկյան այլ գերատեսչությունների հետ թույլ կտա «սահմանափակել ահաբեկչությունը ֆինանսավորելու, զենքի գործարանները վերականգնելու և ռազմական պաշարները համալրելու Թեհրանի հնարավորությունները»։

Նոր խմբի կազմում կընդգրկվեն շուրջ 20 քաղաքացիական և ռազմական մասնագետներ։

Այն տեղակայվելու է Ֆլորիդայում։ Խմբի խնդիրներից է Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով ժամանակակից սպառազինության համակարգերի, երկակի նշանակության տեխնոլոգիաների, պատժամիջոցների տակ գտնվող նյութերի փոխադրումների և ապօրինի ֆինանսական հոսքերի կասեցումը։

Միաժամանակ, CENTCOM-ը չի հստակեցրել, թե խումբը կոնկրետ ինչ մեթոդներով է կատարելու առաջադրված խնդիրները, և արդյոք նախատեսվում է ռազմական գործողությունների իրականացում։

Ծովային շրջափակման պայմաններում Իրանն ավելի ակտիվ է օգտագործում ցամաքային առևտրային ուղիները։ Մասնավորապես, Չինաստանը, որը Թեհրանի խոշորագույն առևտրային գործընկերն է, մեծացնում է Կենտրոնական Ասիայով անցնող երկաթուղային փոխադրումների ծավալը։

Իրանը նաև զգալի առևտրային կապեր է պահպանում Ռուսաստանի հետ ցամաքային ուղիներով և Կասպից ծովով, որն ուղիղ հաղորդակցություն է ապահովում Ռուսաստանի հարավարևմտյան շրջանների և Իրանի հյուսիսի միջև, հաղորդել է CBS News-ը։

Ամերիկյան կողմի տվյալներով՝ ծովային շրջափակումն արդեն խոչընդոտել է Իրանի կողմից մոտ 25 միլիարդ դոլարի նավթի վաճառքին, որի զգալի մասը նախատեսված էր ասիական շուկաների համար։