Գործադուլային գրագետ պայքարը կբերի իշխանափոխության
copy image url

Գործադուլային գրագետ պայքարը կբերի իշխանափոխության

Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:00 04-12-2024
Դեկտեմբերի 3-ի առավոտյան իրական ճգնաժամ էր Երևանում։ Ավտոբուսների վարորդները գործադուլ էին անում։ Տրանսպորտ չկար։ Մարդիկ վրդովված հիշում էին Տիգրան Ավինյանին ու նրա տրանսպորտային բարեփոխումները։ Իսկ ավտոբուսների վարորդները պահանջում էին բարձրացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքյաին պայմանները։ Ի՞նչ ցույց տվեց գործադուլն ու ինչ հետևանք կունենա այն։

Նախ՝ միանշանակ է, որ խնդիրը տրանսպորտային բարեփոխումների տրամաբանության մեջ է։ Լավ տրանսպորտ ունեցող երկրներում վարորդները պարբերաբար գործադուլներ են անում և պահանջներ ներկայացնում գործատուին։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ինչքան բարելավվի տրանսպորտն, այնքան շատ գործադուլներ կլինեն։ Այսինքն՝ սա վարորդների վերջին գործադուլը չէ։

Թեման ակնհայտորեն սրվեց նոյեմբերի 1-ին։ Մինչ այդ ուղևորների մեծ մասը ուղեվարձը կանխիկ էր վճարում վարորդներին։Ենթադրելի է, որ դրա մի մասը չէր հասնում քաղաքապետարան։ Մի քանի դրամ վարորդների, մի քիչ էլ մնում էր «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենության գրպանում։ Իսկ նոյեմբերի 1-ից նրանց գրպանը ծակվեց։

Ենթադրելի է, որ նոյեմբերի 1-ից առաջ քաղաքապետարանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներին հուսադրել էր, որ աշխատավարձ կբարձրացնի կամ պարգևավճար կտա, ինչ-որ կերպ կփոխհատուցվի նրանց։ Սակայն խոստումը չէր կատարել, ինչն էլ վրդովմունք էր առաջացրել ու 1 ամիս անց հանգեցրել գործադուլի։

Ավտոբուսների վարորդների գործադուլը ցույց տվեց ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլև գործադուլավորների անկազմակերպվածությունը։ Այսպիսի ակցիաներ եղել են նաև նախկինում։ Սակայն այս մեկը կարող է էական բան փոխել, քանի որ ՔՊ-ական իշխանությունները կոշտ արձագանքեցին, աշխատանքից հեռացրեցին 18 վարորդների, հաղորդում տվեցին դատախազություն։

Առաջին հերթին սա լուրջ խթան է, որ ակտիվանան արհմիությունները։ Ի տարբերություն ժողովրդավարական երկրների, ՀՀ-ում իրական արհիմություն չկա։ Ենթադրելի է, որ աշխատանքից ազատված վարորդների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցում լուրջ դեր կխաղան ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավապաշտպանները։ Նրանք խստորեն կպատվիրեն ՀՀ քաղաքացիներին՝ գործադուլ չսկսել՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու։ Նշենք, որ արհմիության կազմակերպած գործադուլից հետո աշխատողներին զանգվածաբար չեն ազատում, քանի որ ակցիայի պատասխանատուն արհմիությունն է։ Պարզ է, որ այս արհմիության միջոցով պայքարը պակաս ռիսկային է աշխատողների համար։ Հետևաբար՝ եթե իրավական գիտելիքներ ու փորձառություն ունեցողները ձևավորեն արհիմություններ և գրագետ կազմակերպեն աշխատանքային պայմանների բարելավման պահանջներով բողոքի գործողությունները, ապա իշխանությունները չեն կարողանա ապօրինաբար ճնշել գործադուլները, պատժել գործադուլավորներին։

Նկատենք, որ բազմաթիվ երկրներում արհմիություններն ավելի մեծ ազդեցություն են ունենում ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա, քան կուսակցությունները։ Եթե ավտոբուսների վարորդների գործադուլից հետո կազմակերպվեն իրական արհիմություններ, կարճ ժամանակում շահեն աշխատողների վստահությունը, ապա գուցե նաև վճռական ազդեցություն կունենան առաջիկա ընտրություններում և նույնիսկ կհասնեն իշխանափոխության։

Այսինքն՝ ավտոբուսների վարորդների գործադուլը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ։ Այս առումով՝ ուշագրավ է, որ գործադուլավորներին դեկտեմբերի 3-ին այցելել են ԱԱԾ աշխատակիցները։ Ենթադրաբար՝ մտավախություն է առաջացել, որ եթե վարորդները փորձեն կազմակերպված շարունակել պայքարը, ապա այն կփոխի խորհրդարանի կազմն՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և նրա մոսկովյան հովանավորների, որոնց օժանդակությամբ 2018-ին եկել է իշխանության և մնում է այդ պայմանավորվածությունների գերի։

Պարզ ասած՝ եթե ավտոբուսի վարորդներն ուզում են հասնել իրենց ուզածին, ապա պիտի կրկին փորձեն բարձրացնել իրենց պահանջները, բայց այս անգամ օրենքով սահմանված կարգով, իրենց վստահելի արհմիության ներկայացուցիչներին վստահելով իշխանությունների հետ բանակցությունները։ ՀՀ մյուս հիմնարկներում ցածր աշխատավարձ ու նվաստացուցիչ պայմաններում աշխատողները ևս կարող են դաս քաղել վարորդների պայքարից և նման ակցիա անելուց առաջ չկրկնեն վարորդների սխալները, պայքարը կազմակերպեն օրենքի շրջանակում, իրենց պահանջները հաստատակամ ներկայացնողների ընտրեն, համառորեն պայքարեն մինչև վերջ և հասնեն ցանկալի արդյունքի։

Կա նաև հոռետեսական կանխատեսում, ըստ որի՝ քաղաքապետարանի ու ուժայինների կազմակերպված հակագրոհից հետո վարորդները կկոտրվեն, կպառակտվեն, կվախենան ու կհրաժարվեն իրենց պահանջներից։ Իսկ մյուս հիմնարկների աշխատողներն էլ դաս կքաղեն, չեն էլ մտածի այսպիսի գործադուլներ անելու ու իշխանություններից ինչ-որ բան պահանջելու մասին։ ՔՊ-ի հույսը հենց այս է, որ քաղաքացիները վախենան ու գործադուլներ չանեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ 

Ձեզ գուցե հետաքրքրի