copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:06 23-11-2022

Շատ բարձր գնահատական ունեմ Մնացական Մարտիրոսյանի մասին, չափազանց աշխատասեր, գրագետ դատավոր է․ Ռուբեն Վարդազարյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործով հերթական դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Վարդազարյանի փաստաբանները չեն կարողացել ներկայանալ։

Oragir.News-ը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

- Պարոն Վարդազարյան, Մնացական Մարտիրոսյանը ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե չեմ սխալվում, շուրջ 10 տարի Դուք աշխատել եք նրա հետ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա առաջադրամը, ընտրությունը։

- Մնացական Մարտիրոսյանին ճանաչում եմ ավելի քան 10 տարի, մոտ 15 տարի։ Շատ բարձր գնահատական ունեմ Մնացական Մարտիրոսյանի մասին։ Չափազանց աշխատասեր, գրագետ դատավոր է։ Ինչ վերաբերվում է մամուլում տեղ գտած բազմաթիվ գնահատականներին՝ գտնում եմ, որ դրանք ոչ պրոֆեսիոնալ փորձագետների կողմից են տրվում, և, ընդամենը, հուզական են։ Իրենց հիմքում չունեն ոչինչ։ Ինչ վերաբերվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի բացասական եզրակացությանը՝ մեկը լինի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքությունը ստուգեր ու նրան գնահատական տար․ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, ոչ ճիշտ, պրոֆեսիոնալ գործիքներով, ոչ ճիշտ գանահատականներ է հնչեցնում այդ հանձնաժողովը։

Ինչ վերաբերում է «Իշխանության սրտի դատավոր» արտահայտությանը՝ չեմ կարող ոչինչ ասել, միայն հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Մնացական Մարտիրոսյանը ամենաանցանկալի և թիրախավորված դատավորն էր, ինչ տեղի ունեցավ՝ չեմ կարող ասել։

- Պարոն Վարդազարյան, մեզ հետ վերջին զրույցներից մեկում ասել էիք, որ դատական համակարգից պետք է «ջհանգիրյանիզմի վիրուսը» վերացնել, ուզում եմ հարցնել՝ կա՞ն «հարուցիչներ» դատական համակարգում, կամ «վիրուսը» տարածողներ, ի վերջո, ինչ նկատի ունեիք։

- Միանշանակ, հարուցիչներ կային, կան, միշտ կլինեն, բայց այդ հարցին պատասխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ եմ ես նկատի ունեցել «ջհանգիրյանիզմի վիրուս» ասելով, պետք է հասկանալ, թե ինչպես է դա արտահայտվում, ինչ սիմտոմատիկա ունի, ինչ հետևանքներ կարող է ունենալ, ապա միայն խոսել հարուցիչների, հակահարուցիչների, վիրահատական միջամտությունների մասին։ Ծավալուն թեմա է։ Եթե կարճ՝ կարող եմ միայն ասել, որ երբ ասում եմ «ջհանգիրյանիզմի վիրուս»՝ դա դեռ գործը չհարուցված քրեական գործերով՝ արդեն պայմանավորված դատական ակտի առկայությունն է։

Դա ամենավտանգավոր երևույթն է դատական իշխանությունում, դատական իշխանությունը, որպես օրգանիզմ, հիվանդանում է այդ «վիրուսի շնորհիվ»։

- Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործին ասվածը նույնպե՞ս վերաբերում է, Ձեր նկատմամբ քրեական գործ հարուցվել էր միայն Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի հիման վրա․․․

- Իմ գործի վերաբերյալ ինքս չեմ խոսի այս պահին, ասեմ, որ հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին ժամը 16․30-ին։ Եկեք, տեսեք, որից հետո, եթե հարցեր կլինեն՝ կարող եմ պատասխանել։

- Դուք նաև խոստացել էիք, որ երբ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 100 օրը լրանա՝ գնահատական կհնչեցնեք, կարծեմ չի լրացել, բայց կարո՞ղ եք նախնական գնահական հնչեցնել։

- Այո, չի լրացել, բայց նախնական կարծիք կարող եմ հայտնել, որքան ես եմ տեսնում՝ ԲԴԽ-ում հաշտ-համերաշխ մթնոլորտ է, որը արդեն ինքնին դրական եմ գնահատում։ Բայց խոստումս՝ 100 օրը լրանալուց հետո անդրադառնալ՝ ուժի մեջ է։

- Պարոն Վարդազարյան, ԲԴԽ-ն այն մարմի՞նն է, որտեղ հաշտ-համերաշխ մթնոլորտը դրական երևույթ կարող է դիտարկվել, արդյոք կարծիքների բախումը կամ գոնե դրանց առկայությունն առավել դրական ու բնական չէ՞ր լինի այս մարմնի պարագայում։ Ի վերջո, ԲԴԽ անդամներից մեկը՝ Գրիգոր Բեքմեզյանը բավական աղմկահարույց հայտարարություններով հեռացավ խորհրդից։

- Նեղ սիրտ, փոքր հոգի ունեցող մարդկանց ամպագորգոռ հայտարարությունները չեմ մեկնաբանում։