Կորյուն փողոցի կանգառից, որը Բժշկական համալսարանի դիմացի մայթին է գտնվում, տրանսպորտ նստելը փորձություններ է պահանջում։ Պատճառը տրասպորտի համար նախատեսված կանգառում մեքենաների՝ մասնավորապես տաքսիների կայանումն է, որոնք ոչ միայն խանգարում են տրանսպորտի կայանմանը, այլև փակում են տեսադաշտը տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար։ Նրանք ստիպված են լինում դուրս գալ մայթից՝ ավտոբուսը տեսնելու և նստելու համար։
Oragir.News-ը այս մասին բողոքներ է ստացել քաղաքացիներից, որոնց պնդմամբ՝ Կորյունի փողոցի վերոնշյալ կանգառը իրենց համար և՛ վտանգավոր է, և՛ անհարմարավետ է, և՛ սխալ։
Oragir.News-ը ֆիքսեց կանգառում տեղի ունեցողը։ Քաղաքացիների կարծիքով այսպիսի բաները տեղի են ունենում միայն այն պատճառով, որ մենք հայերս շատ արագ ենք համակերպվում իրողություննեի հետ, և ոչ մի քայլ չենք ձեռնարկում, դրանց դեմ։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև քաղաքապետարանի հետ, որտեղից ասացին, որ այդ կանգառի հետ կապված խնդիրը նոր չէ, և խնդիրը լուծելու համար անցկացրել են բազմաթիվ ակցիաներ, և որ ոչ թե տաքսիներն են սխալ տեղ կայանվում, այլ մարդիկ են սխալ տեղում կանգնում, և այս դեպքում տրանսպորտն է տաքսիներին խանգարում։
«Իրականում նշված հատվածը, որտեղ մարդիկ կանգնում են, և տրանսպորտն էլ մարդկանց կանգնելու պատճառով կանգնում է, կանգառ չէ, կանգառը 20 մետր այն կողմ է։ Այդ հատվածում, ըստ էության, տաքսիները օրինական ձևով են կանգառ կատարում։ Քաղաքապետարանի ենթակա հիմնարկներում, առաջնահերթ Երևանի ավտոբուսին, «Երևան տրանս» ընկերությանը, որը մասնավոր երթուղիներով զբաղվող ընկերությունների հետ որոշակի առնչություն ունի. հորդորվել է, որ վարորդները կանգառները կատարեն միայն ու միայն սահմանված կանգառների տեղերում, և սա շարունակական պրոցես է լինելու։ Ճիշտ է, մի օրում դա չի լինի, բայց ամեն ինչ արվում է խնդրի լուծման համար։ Քաղաքապետարանը, ըստ էության, պաշտոնապես այդքան մեծ գործառույթ չունի, օրինական ընթացակարգով դա ճանապարհային ոստիկանության գործառույթն է»,-ասացին Քաղաքապետարանի լրատվության վարչությունից
Ինչ վերաբերում էր կանգառի համապատասխան նշանի մոտ կայանված մեքենաներին, Քաղաքապետարանից պատասխանեցին, որ չեն բացառում, որ եթե իրական կանգառասրահի տարածքը չի օգտագործվում, նպատակին չի ծառայում, ինչքան էլ որ երթևեկության կանոներով արգելված է ավտոտրանսպորտային այլ միջոցների կայանումը հնարավոր է, որ հենց դա է պաճառը, որ մեքենաները այդտեղ են կայանում՝ հավելելով, որ այսուամենայնիվ ոստիկանությունը այդ առումով տուգանելու գործառույթ ունի, որովհետև պաշտոնական ձևով հաստատված է, որ դա տրասպորտի կայանման վայր է։