Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղացիները ահազանգում են, որ ՔՊ-ական համայնքապետը ապօրինաբար գյուղացուց խլում է հողը։ Համայնքապետն ու տվյալ հողերի նոր սեփականատերերն էլ դա բացատրում են նրանով, որ պետք է հավասարություն լինի։
«Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը ասում է, թե նախկին համայնքապետն իր բարեկամն է, դրա համար էլ իրեն 25 տարի ժամկետով հող է տվել։
Նախ 15 տարով էր տվել, բացի այդ՝ նույն այդ համայնքապետը երկար ժամկետներով հողեր է տվել ներկայիս համայքնապետ Դավիթ Ղուլունցի բարեկամներին, քեռիներին, որոնցից մեկն էլ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է։ Ինչո՞ւ այդ հողերը չի վերցնում տա ժողովրդին, թե կարելի է բնակչից վերցնել ու տալ աշխարհազորին, իսկ իր քեռիներից, մյուս բարեկամներից չի կարելի։ Խոսքը 6 հեկտար, 10 հեկտար հողատարածքների մասին է։
Վերջերս էլ 0․5 հեկտար հողի համար աճուրդ էր կազմակերպել, որ ավագանու նիստով 25 տարով տար եղբորը։ Բա ո՞նց է ավագանու նիստ անում, ճիշտ է, ավագանին դեմ եղավ, չհաստատվեց, բայց ո՞նց էր ուզում 25 տարով հողը տալ իր եղբորը՝ Սասուն Ղուլունցին, դա էլ հո՞ նախկինները չեն։ Ուզում էին այդ տարածքում հանք սարքեին։ Գյուղի ավազի հանքն էլ սեփականաշնորհել են, չեն թողնում գյուղացին ավազ հանի։
Սպանեցին նախկին-նախկին ասելով, նախկինում այսպիսի բան չէր եղել։ Էլի թող աշխարհազորին հող տան, բայց ոչ ուրիշից գողանալու հաշվին։
Բացի այդ, կադաստրով իմ անունով էր այդ տարածքը, պայմանագրի ժամկետը չէր լրացել, առանց ավագանու նիստ անելու, առանց որոշման, ապօրինի տվել է ուրիշներին։ Ինքն ո՞վ է, որ կարողանա նման որոշումներ կայացնել, դա հո իր բենզակալոնկան չի, իր թոնրատունը չի, իր սուպերմարկետը չի, որ կարողանա, որոշում կայացնել, թելադրի, դա օրենքով է տրվել։
Ես շարունակում եմ պնդել, որ ապօրինի ձևով իմ հողը վերցրել են ձեռքիցս»,- մեզ հետ զրույցում ասաց Տեղի բնակիչ Խաչիկ Քյարունցը։
Ավելի վաղ Տեղի բնակիչը
ահազանգել էր, որ համայնքապետը ապօրինաբար իրենից խլել 5 հեկտար հողը, սակայն Տեղի ղեկավարի դեմ գործ չեն հարուցում, քանի որ նրա քեռին նախկին մարզպետն է, քեռու որդին՝ մարզի դատախազը։
Բնակիչը նաև
պնդել էր, որ Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է․ համայնքապետը, սակայն, հերքել էր։
Oragir.News-ը այսօր կրկին կապ հաստատեց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ։
-Պարոն Ղուլունց, թեպետ դուք պնդում եք, որ համայնքում բոլոր ընտանիքները 1 հեկտար հող ունեն, սակայն բնակիչը հակառակն է պնդում։ Ասում են, որ ինչպես իրեն, այնպես էլ ձեր ազգականներին, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին նախկին համայքնապետի օրոք մի քանի հեկտար հող են հատկացրել, կրկին 15-25 տարով, նրանց հողերը չեք վերցրելև հատկացրել աշխարհազորին։ Կա՞ արդյոք նման բան, ձեր քեռիները, մասնավորապես Մելիքսեթ Պողոսյանը, Տեղ համայնքում ունի՞ հողատարածք, որը 1 հեկտարից ավելի է։-Մելիքսեթ Պողոսյանը չունի, Մելիքսեթ Պողոսյանի տղան է, էլի 1 հեկտար,ինքը գյուղի բնակիչ է։
-Իսկ մյուս քեռի՞ն, քանի որ ասացին 2 քեռիները։-Մյուս քեռու տղան էլի մեր գյուղի բնակիչ է, 1 հեկտար էլ իրենն է։
-Այսինքն՝ գյուղում որևէ մեկը չկա՞, որ 1 հեկտարից ավելի հող ունի։-Ո՛չ։
-Բնակիչները բողոքում են, որ դուք թեև ասում եք, որ ապօրինի է, ո՞նց կարելի է 25 տարով պայմանագիր կնքել, բայց ավագանու նիստում 0․5 հեկտար հողը 25 տարով աճուրդի դնելու հարց է քվեարկության դրվել, ընդ որում նշվում է, որ այդ հողատարածքը ձեր եղբայրն է պատրաստվել աճուրդով վերցնել, արտադրամաս հիմնել, սակայն դա չի կայացել, քանի որ ավագանին դեմ է քվեարկել։-Նախ՝ ես չեմ իմանում, թե ով է եղել, պետք է մրցույթ լիներ, որ իմանայինք՝ ով էր։ Ասում եք ու ճիշտ չեք ասում, ճիշտ չեն Ձեզ բացատրում։ Եթե այդ հողը դնում ենք աճուրդի, ո՞վ է իմանում՝ ով կարա լինի։ Գուցե աճուրդին Դուք մասնակցեք, Դուք վերցնեք, օրենքով նման բան չկա, որ կոնկրետ տանք այդ մարդուն։ Պետք է աճուրդին մասնակցես, ով շատ գումար տվեց, նա էլ կվերցնի։
-Իսկ տարին ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ այդքան երկար ժամանակով։-Ի՞նչ։
-Ինչո՞ւ 25 տարով։-Ի՞նչն է 25 տարի։
-Այդ աճուրդը, որ հայտարարվել է, հողը 25 տարով տրամադրելու համար չի՞ եղել։-Ո՛չ։
-Այդ դեպքում քանի՞ տարով։-Ճիշտն ասած՝ ես այդ նիստին ներկա չեմ եղել, արձակուրդում եմ եղել։
-Իրենք պնդում են, որ 25 տարով է եղել, այդ թվում՝ համայնքապետարանի մեր աղբյուրն է հայտնում, և Ձեզ մեղադրում են այն բանի համար, որ նշում եք, թե նախկինները 25 տարով հող են հատկացրել, հիմա այդ նույնը Դուք եք անում։-Ես արձակուրդում եմ եղել, ես այդ նիստին չեմ եղել։
-Պարզապես բոլոր հարցերից տեղյա՞կ եք, իսկ սրանից՝ ո՞չ։-Խոսում եք, չեք թողնում՝ ես էլ խոսեմ։ Մեկ-մեկ թողեք, ես էլ խոսեմ։ Հարցը տալիս եք, չեք ուզում լսեք։ Ես ասում եմ՝ այդ նիստին ներկա չեմ եղել։
-Կարո՞ղ եք ճշտել, դա իմ նյութի համար շատ կարևոր է։-Եթե ճշտելով է, դուք ավելի լավ եք ճշտում։ Ես ասում եմ՝ նման բան չկա։ Դա ասեմ երևի՝ ինչ է եղել։
-Չէ, երևի-ով չեմ ուզում, պարոն Ղուլունց, քանի որ երևի-ներով նյութ չեմ պատարստելու։-Դե ես էլ ասում եմ, իմանալով, լսելով, որովհետև ես ներկա չեմ եղել, որ այդ տարածքը պետք է տրվեր մեկին, այդտեղ պետք է ինչ-որ կազմակերպության նման բան դնեին, 10-15 աշխատատեղ բացվեր։
-Բա որ չգիտեք՝ ո՞վ է հաղթող ճանաչվելու, ի՞նչ գիտեք, որ աշխատատեղ է բացվելու, գուցե այնպիսի մարդ էր հաղթում, որ աշխատատեղ չէր բացվում, կամ հակառակը՝ 100 աշխատատեղ բացվի։-Այո՛, կարող է այնպիսի մեկը հաղթի, աշխատատեղ չբացվի,թե չէ կես հեկտարն ինչի՞ համար են վերցնում։ Այդ տեղը, գիտե՞ք, ինչ տեղ է, կոմունիստների ժամանակ հոր է եղել։
-Ասացին, որ դրա կից հողը Ձեր եղբորն է պատկանում, Սասուն Ղուլունցին։-Կից հո՞ղը։
-Այո՛։-Դա իմ օրոք էլ չի եղել, որ ասեմ, նախկին համայնքի ղեկավարի օրոք է վերցրել։ Իմ օրոք իմ եղբայրը հող չի վերցրել։
-Իմ հարցը չի վերաբերում Ձեր օրոք, թե նախկին համայնքապետի օրոք։ Աճուրդի դրված հողատարածքի կից հողը Ձեր եղբո՞րն է պատկանում։-Ես էլ ասում եմ, որ իմանաք, դա էլ գրանցեք, որ իմ օրոք հող չի վերցրել։ Եթե համայնքի ավագանին էլ դեմ է քվեարկել, էլ ինչի՞ մասին է խոսքը, արժե՞ նորից անդրադառնալ դրան։
-Իրենք մեղադրանք են հնչեցնում, որ նախկինին քննադատում եք, բայց 25 տարի պայմանագրով աճուրդ եք հայտարարում։-Իրենց մեղադրանքն այն է, որ 5 հեկտարը տարել են, ոստիկանություն են դիմել, ոստիկանությունը խի՞ չի պարզել։ Էլի եմ ասում, ես արձակուրդում եմ եղել, տեղյակ չեմ եղել։
-Որպես համայնքի ղեկավար՝ չե՞ք հետաքրքրվել։-Իհարկե հետաքրքրվել եմ, որ դեմ է քվեարկվել։ Ավագանին, եթե դեմ է քվեարկել, ճիշտ էլ արել է, ինչի՞ մասին է խոսքը։
-Գալով Տեղ գյուղի բնակչին պատկանող 5 հեկտար հողատարածքին․ իրենք ասում են, որ այն իրենից խլելու պահին անգամ կադաստրում նշված տարածքն իր անունով է եղել, ավելին՝ ավագնու նիստ էլ չի եղել, որով այդ հողը վերցվեր բնակչից։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։-Եթե պայմանագիրը լրացել ա, չե՞նք կարող վերցնել։
-Երբ Դուք այդ հողը վերցրե՞լ եք գյուղացուց, այդ ժամանակ պայմանագրի ժամկետը լրացած չի եղել։-Ես չեմ վերցրել։ 15 անգամ ասացի՝ ես չեմ վերցրել։ Համայնքի ղեկավարը տեղյա՞կ է, որ 50 ոստիկան է եղել․․․
-Բա Դուք՝ որպես համայնքի ղեկավար, չե՞ք ասում, իմ համայնքի բնակչի անունով է, վճարումներն էլ կատարել է։-Դուք ասում եք, չեք ուզում լսել։
-Որովհետև դուք խոսակցությունը լրիվ այլ ուղղությամբ եք տանում, խուսափում եք իմ հարցերից։-Հարցիդ պատասխանում եմ, 100 սահմանապահ գնացել են, հողերը վերցրել են՝ առանց համայնքի ղեկավարին տեղյակ պահելու, ոստիկանությունն էլ եկել է։ Կարո՞ղ եք այդ հարցին դուք պատասխանել։
-Որպես համայնքի ղեկավար՝ դուք չե՞ք խառնվել այդ հարցին, չե՞ք ասել, որ այդ մարդու անունով է հողը, ավագանու որոշում էլ չի եղել։-Իհարկե խառնվել եմ, բայց ժողովուրդն ասել են, որ պետք է վերցնեն։
-Ստացվում է, որ ժողովուրդն է որոշում, ոչ թե համայնքի ղեկավարը։-Ի՞նչ շահ ունեք, որ այդպես պաշտպանում եք։ Դուք սահման պահողի՞ կողմակից եք, թե՞։
-Ես օրենքի կողմնակից եմ։ Պարզապես Դուք ասում եք՝ ժողովուրդն է վերցրել։-Ես էլ եմ օրենքի կողմնակից։
-Այդ դեպքում ո՞նց է ստացվում, որ համայնքի ղեկավարը դեր չունի, ժողովուրդն է գալիս և որոշում, թե ոնց պետք է անի։-Համայնքի ղեկավարը լավ դեր ունի, 150 սահմանապահ տղաներ գնում են և վերցնում։ Մինչև 45 թիվը «Դավթյան ֆարմս» ընկերությունը պայմանագիր է կապած եղել, բայց մարդը հրաժարվել է, ասել է՝ եթե վերաբերվում է սահմանապահ տղաներին, 50 տոկոսը տալիս եմ այդ տղաներին։
-Փաստացի նշված ընկերությունն ինքն է օրինական ձևով հրաժարվել, բայց այս դեպքում բնակիչը չի հրաժարվել, ավելին, հողն իր անունով է եղել։-Չի հրաժարվել, դրա համար դիմել է ոստիկանություն, թող ոստիկանությունը պարզի։ Ես օրենքի կողմնակից եմ, թող ոստիկանությունը պարզի։ Նորից եմ ասում, աշխարհազորի տղաներն առանց իմ իմացության գնացել ու վերցրել են։
-Հետո, որպես համայնքի ղեկավար, չե՞ք հանդիպել նրանց հետ, չե՞ք ասել, որ այդ հողն ուրիշի է պատկանում։-Ես ասել եմ, որ այդ մարդու հողն է, ասել են՝ կապ չունի, հերիք է՝ այդ մարդը տնօրինի, 30 տարի, հիմա էլ՝ մենք։
-Այսինք՝ «բեսպրիդել» է, ով ոնց ուզում, այնպես էլ անում է։-Դա էլ ոստիկանությունը կպարզի, «բեսպրիդել» է, թե՞ «բեսպրիդել» չի։
Ամփոփելով զրույցը Տեղ խոշորացված համայնի ղեկավար Դավիթ Ղուլունցին հարցրինք, թե արդյոք ինքը գյուղում հող ունի՞, քանի որ դժգոհություն կա, որ գյուղի հողերի կեսը պատկանում է իր ազգականներին։-Սեփական հող ունեմ, ոնց որ սեփականաշնորհումից օգտվել են մնացած գյուղացիները, նույնն էլ ես։
-Իսկ նման սեփականաշնորհված հողեր ունե՞ն Ձեր ազգականները, մասնավորապես Ձեր քեռին՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։-Ամեն մարդու շնչին ինչքան բաժին է ընկել, բոլորն էլ ունեն, բոլորին էլ հասել է։ Նույն այդ մարդիկ էլ ունեն սեփականաշնորհած հողեր։ Սեփականաշնորհումից ով օգտվել է, մի շնչին կարծեմ՝ 2 հեկտար, 2 շնչին՝ 4 հեկտար։ Նույնն էլ քեռին է օգտվել՝ Մելիքսեթ Պողոսյանը (4 հեկտար), նույնն էլ ես, նույնն էլ Պողոսյանը Պողոսը, նույնն էլ այդ բողոքող մարդիկ, նույն էլ Խաչիկ Քյարունցը, իսկ սա վերաբերում է կոնկրետ պետպահուստային հողերին։
Oragir.News-ի խմբագրություն է զանգահարել նաև Տեղի բնակիչ Արտակ Հայրապետյանը, որը շուրջ 2 տարի տնօրինում է համագյուղացի Խաչիկ Քյարունցին պատկանող 5 հեկտար հողատարածքից 1 հեկտարը։
Հարցին՝ ինչպե՞ս որոշեց գնալ և առանց որևէ փաստաթղթի համագյուղացու հողը վերցնել և տնօրինել, Արտակ Հայրապետյանը պատասխանեց․
«2020 թվականի պատերազմից հետո, հողերի կորստից հետո, աճող ընտանիքները, դրանցից մեկը ես եմ, ունեմ 2 անչափահաս երեխա, եղել եմ աշխարհազորում սահմանապահ։ Ճիշտը ո՞րն է, այդ 5 հեկտար հողը մեկ հոգու պատկանի՞, թե՞ հինգ ընտանիքի։ Մենք այդ հարցը գյուղի տարածքում բարձրացրելենք, ջահելներն էլ մեր կողքը կանգնել են։ Խաչիկ Քյարունցին դիմել ենք, ասել ենք՝ արի միասին մշակենք, մի հեկտարը քոնն է, չորս հեկտարը տալու ես տղաներին, հրաժարվել է, դրա համար 2022 թվականի ամառը մենք 5 հեկտարը իր ձեռքից վերցրել ենք։ Ասել ենք՝ արի, ցորենդ հնձի, մի հեկտարը քեզ, 4-ը՝ աճող ընտանիքներին, ինքը ցորենը հնձելէ, բայց չի համաձայնվել։ Դրանից հետո մենք հողը բաժանել ենք 5 ընտանիքների միջև, ամեն մեկը մի հեկտար վարել է։ Մենք համայնքապետարանին ասել ենք՝ մեզ հող տվեք, համայնքապետարանն էլ ասել է՝ բոլոր հողերը զբաղված են, մարդիկ կան, որ գյուղում չեն ապրում, բայց 25 տարի պայմանագրով հող ունեն։
Մենք գնացել ենք, ասել ենք՝ մեզ թուղթ տվեք, որ այս հողը մերն է, մեզ ասել են այս հողի հարցը դեռ լուծված չի, բայց հողի վճարն այս տարի օրինական տարել, վճարել ենք, կտրոն են տվել, որ վարձակալական հողի վճարները կատարված են, որ այդ հողը տնօրինում եմ ես․․․ Խաչիկ Քյարունցը դիրքերում չի եղել, ինքն իր անասուններին է պահելուց եղել։
2022 թվականի աշնանը, երբ դաշտի ցորենը ինքը հնձել, տարել էր, մենք գնացել էինք տրակտորով վարում էինք, ոստիկանները եկել են, տրակտորիստին ուզել են տանել, գյուղի տղաները չեն թողել, 40 հոգի մարդ է եղել»։
Դուք Ձեր գործողությունները օրինակա՞ն եք համարում, հարցրինք Տեղի բնակիչ Արտակ Հայրապետյանին։
«Միանշանակ»,-ասաց նա։