Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է․ համայնքապետը հերքում է
copy image url

Տեղի ՔՊ-ական ղեկավարը զոհվածի ընտանիքից հողը խլել է․ համայնքապետը հերքում է

Ներքին 9 ամիս առաջ - 22:39 02-07-2024
«Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Դավիթ Ղուլունցը 2022 թվականին Ջերմուկում զոհված տղայի ընտանիքից հողը խլել է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի բնակիչ Խաչիկ Քյարունցը։

Տղամարդու խոսքով՝ 2022 թվականին՝ թշնամու սանձազերծած ագրեսիայի ժամանակ, իրենց համագյուղացի Գարուն Վարդանյանը 3 որդիների հետ դիրքերում է եղել։ Ցավոք, տղաներից մեկը զոհվել է։ Դրանից կարճ ժամանակ անց ընտանիքին պատկանող հողը խլել են նրանցից։

«Ջերմուկի 2-3 օրվա պատերազմի ժամանակ հայրը իր 3 որդիների հետ դիրքերում են եղել։ Իրենք 3 հեկտար հող ունեին, մարդու եղածը միայն այդ դաշտն էր։ Տղան զոհվել է Ջերմուկի մատույցներում, երեխուն բերել, հուղարկավորել է, քառասունքի օրը այդ 3 հեկտար դաշտը վերցրել են, ասել են՝ դուք աճող ընտանիք չեք։

Հողը հենց նրանց է հասնում, ինչո՞ւ են վերցրել։ Պատկերացնո՞ւմ եք, զոհվելու 40-րդ օրը գան ու նման բան անեն։ Տղան մահացել է, գնացել են, դաշտը ձեռքից խլել են։

Համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ ասում է՝ ես կապ չունեմ, գյուղի ջահելները հավաքվել են, գնացել, վերցրել են, իրենք դաշտ չունեն, վերցրել են։

Եթե դու կապ չունես, դու ինչո՞ւ ես համայնքի ղեկավար, երբ քո համայնքում խուլիգանություն է կատարվում։ Պատճառաբանում է, թե նախկինում գյուղապետը եղել է ձեր բարեկամը, և այլն։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ 7 պորտ այն կողմ բարեկամ է, գյուղում բոլորն էլ մեկը մյուսին բարեկամ են։ Նախկին գյուղապետը իրեն ավելի բարեկամ կլինի, քան ինձ»,- ասաց Տեղ գյուղի բնակիչը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, վերջինս հերքեց որևէ մեկից հող խլելու մասին տեղեկությունը։

«Դա ապատեղեկատվություն է, ես որևէ մեկից հող չեմ խլել։ Մենք զոհված երեխու ծնողներին շատ հարգում, սիրում ենք, ամեն կիրակի միջոցառումների ենք մասնակցում, ծաղիկներ են դնում զինվորի շիրիմին․․․

Աշխարհազորի ծառայող տղերքը, որոնք այս պահին էլ մեր պոստերն են պահում, որպես աճող ընտանիք, իրենց ենք մեկական հեկտար հող է հատկացվել։

Նախկին ղեկավարի ժամանակ մեկին եղելէ 3 հեկտար, մեկին եղել է 5 հեկտար, մյուսին 10 հեկտար։ Ասել եմ, որ մեկական բաժանենք բոլոր ընտանիքներին, այ սա է խնդիրը եղել։ Աշխարհազորի տղերքը որոշել են, որ այսպես անեն, ես էլ հավանություն եմ տվել, որ մեկին 3 կամ 5 հեկտար չլինի, մեկին էլ ընդհանրապես չլինի։ Զոհված տղայի ընտանիքին ևս 1 հեկտար թողնվել է, ամբողջը չի վերցվել։

Նույն բնակիչը, որը բողոքել է, 25 տարի 5 հեկտար հող է տիրապետել, որը տվել է իր բարեկամը՝ նախկին գյուղապետը։ Կարո՞ղ է մեկը 5 հեկտար հող տիրապետի, իսկ աճող ընտանիքը 1 հեկտար հող չունենա»,- ասաց համայնքապետը։

Անդրադառնալով զոհվածի ընտանիքից հողը խլելու բողոքին, Դավիթ Ղուլունցն ասաց, որ տղան դեռ զոհված չի եղել, որ այդ հողերի հարցը լուծել են․

«Գարուն Վարդանյանի որդին ծառայելուց է եղել, որ հողերի հարցը լուծվել է։ Տղան զոհվել է 2022 թվականի սեպտեմբերին, իսկ հողերը բաժանված է եղել նույն թվականի մայիս ամսին։ Այսինքն, որ ասում են՝ քառասունքին հողը վերցրել ենք, այդ տղան ծառայելուց է եղել, զոհված չի եղել այդ ժամանակ»։