Ներքին 1 ամիս առաջ - 18:31 28-09-2026

«Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»

Oragir.News-ը բողոք է ստացել «Աթենք» մսամթերքի արտադրամասի աշխատակիցներից։ Նրանք բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների խախտումների, չափից ավելի երկար աշխատանքային ժամերի և դրանց անհամարժեք ցածր վարձատրության մասին։

Ըստ արտադրամասի աշխատակիցների՝ աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 08։00-ին, շաբաթվա մեջ լինում են օրեր, երբ իրենցից պահանջում են աշխատել մինչև 14 ժամ։ Աշխատողները նշում են, որ նույնիսկ եթե աշխատանքային օրն ավարտվում է երեկոյան ժամը 18:00-ին, դա արդեն իսկ գերազանցում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորման (ստանդարտ 8-ժամյա աշխատանքային օրվա դեպքում)։

«Որ գաք տեսնեք՝ մի առողջ մարդ չեք գտնի․ առավոտից երեկո գերծանրաբեռնված գրաֆիկով ռոբոտի պես աշխատում ենք․․․․ հսկայական արտաժամյա աշխատանքն էլ իր հերթին, որի ամսական հավելավճարը կազմում է ընդամենը 15,000-ից 25,000 դրամ»,- նշում էին նրանք։

Աշխատակիցները հատկապես մտահոգված են Ամանորին նախորդող շրջանով։ Նրանց խոսքով՝ տնօրինությունը հուսադրում է, թե Նոր տարվան ընդառաջ ժամանակավոր աշխատողներ են ընդունում, որպեսզի թեթևացնեն հիմնական թիմի գործը և թույլ տան նրանց ավելի շուտ տուն գնալ։

Սակայն, վերջիններիս պնդմամբ, Ամանորից առաջ մսամթերքի պահանջարկը շուկայում ոչ թե պակասում է, այլ եռապատկվում և քառապատկվում է։ Արդյունքում՝ նոր աշխատուժը չի թեթևացնում հին աշխատողների բեռը. ծանրաբեռնվածությունը միայն ավելանում է, իսկ տուն գնալու ժամերը՝ էլ ավելի ուշանում։

Oragir.News-ը կապ հաստատեց «Աթենք» ընկերության կիսապատրաստվածքների արտադրության ղեկավար Տիգրան Անանյանի հետ՝ ստանալու պարզաբանումներ արտաժամյա աշխատանքի, ֆինանսական փոխհատուցումների և Ամանորին ընդառաջ սպասվող ծանրաբեռնվածության վերաբերյալ։

Անդրադառնալով աշխատանքային երկար ժամերին՝ մեր զրուցակիցը պարզաբանեց, որ ընկերության նպատակը նորմալ գրաֆիկի պահպանումն է, սակայն արտադրությունում երբեմն առաջանում են արտաքին խնդիրներ:

«Մենք գտնում ենք՝ սահմանված, ցանկալի աշխատաժամերը պետք է պահպանվեն, բայց արտադրությունն ինքն իրանով խնդիրներ է ունենում։ Նախորդ շաբաթ ունեցել ենք խնդիրներ, որոնք նաև մեզանից կախված չեն եղել, և սա բնականաբար աշխատանքի ժամերի վրա անդրադառնում է։ Օրինակ՝ հոսանքազրկումներ և այլն։ Ամեն դեպքում, էնպիսի բաց թողնված վիճակ չի, որ մարդը աշխատի ու դրա համար չվճարվի»,- ասաց Անանյանը։

Մեր դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ արտադրական պրոցեսը կազմակերպել հերթափոխով, արտադրամասի ղեկավարը պատասխանեց, որ գործարանում արդեն իսկ գործում է երկու կամ երեք հերթափոխային ռեժիմ, և իրենց նպատակն է աշխատանքը կառավարել այնպես, որ այն առհասարակ ընթանա առանց արտաժամյա ծանրաբեռնվածության։ Ինչ վերաբերում է արտադրանքի ծավալի շատությանը, Տիգրան Անանյանը նշեց, որ «շատ լինելը» մի քիչ հարաբերական է։

«Այսինքն՝ ո՞ւմ աչքերում է այնքան շատ, ու քանի՞ հոգու հաշվարկով է այնքան շատ։ Ես վստահ եմ, որ էն ինֆորմացիան, որը որ ձեզ փոխանցվել է, ինչ-որ տեղերում զգայական է ու հիմքերից զուրկ։ Եթե մարդը ինչ-որ մի բանից նեղված է, կարող է 10 բան էլ ավել դրած, կոպիտ ասած, արտահայտվի», - նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում ևս նախատեսում են բավականին մեծ քանակությամբ նոր աշխատողների ավելացում՝ արտաժամերը նվազեցնելու նպատակով։

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվող ամանորյա մեծ պահանջարկի և ծանրաբեռնվածության մասով էլ հայտնեց, որ արդեն իսկ սկսվել է ժամանակավոր աշխատողների հավաքագրման փուլը:

«Էս պահի դրությամբ ներգրավման փուլում ենք՝ ժամանակավոր աշխատակիցներ ենք ներգրավում։ Դրանք ռեալ, հստակ, հիմքեր ունեցող հաշվարկներ են։ Դուք էլ ձեր տարբերակներով կարող եք ճշտել, որ դրա նպատակը էլի այդ արտաժամերի նվազեցումն է կամ առհասարակ դրանք չունենալը։ Ես հասկանում եմ՝ ինչ է ծանրաբեռնվածությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Էս պահին արդեն ինչ-որ չափով ընդունելությունները կատարված են, նախատեսում ենք մարդկանց բավականին մեծ քանակի ավելացում»,- եզրափակեց Տիգրան Անանյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie