copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 օր առաջ - 17:00 27-06-2024

Ինչու Իրանն ուշացած և ի միջի այլոց արձագանքեց ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչմանը. իրանագետի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Պաշտոնական Երևանի այս որոշմանը Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը՝ կոշտ քննադատությամբ էր արձագանքել։

Իրանում տեղի ունեցող զարգացումներին հետևող «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Թեհրանն այսօր՝ մի քանի օրվա լռությունից հետո, արձագանքել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչմանը, բայց՝ շատ ի միջի այլոց։ «Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ ԱԳՆ խոսնակը ողջունել է «Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»»,- ասվում է հրապարակման մեջ:

Oragir.News-ն «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը վարող, իրանագետ Ժաննա Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված իրանական կողմի նման արձագանքը, երբ վերջինս Պաղեստինի գլխավոր դաշնակիցն է և վերջինիս անկախության ջատագովը.

«Այո՛, իմ տպավորությամբ իրանական կողմի արձագանքը բավականին ի միջի այլոց էր, որովհետև նախ արձագանքը մի քանի օր ուշացումով էր, կարծեմ՝ 4-5 օր անց են արձագանքել։ Բացի այդ, արձագանքել են նաև այլ երկրների կողմից ճանաչման համատեքստում և չեն շեշտել Հայաստանի գործոնը, ինչը բավականին զարմանալի է՝ հաշվի առնելով Պաղեստինի հարցում Իրանի մոտեցումը»։

Վարդանյանն ընդգծում է՝ դժվար է ասել, թե որն է Իրանի կողմից նման արձագանքի պատճառը, սակայն կարծում է, որ այն կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում Հայաստան-Արևմուտք մերձեցումներով և այդ առնչությամբ հարևան երկրում առկա դժգոհություններով։

«Գուցե հենց դրանով է պայմանավորված Թեհրանի նման արձագանքը, սակայն սա զուտ ենթադրություն է, որը միանշանակ չեմ պնդում, որովհետև այս պահի դրությամբ ես չեմ տեսնում այլ պատճառներ ու ցուցիչներ, թե իրանական կողմն ինչու այս որոշմանն այդքան ուշ արձագանքեց։ Միակ հնարավոր տարբերակն այն է, որ Իրանում դժգոհություններ կան ՀՀ-Արևմուտք-ԱՄՆ հարաբերությունների սերտացման հետ կապված»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին, թե իրանական կողմի նման արձագանքը կարո՞ղ էր պայմանավորված լինել այն պնդումներով, որ ՀՀ-ն Թուրքիայի պահանջով է Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշում ընդունել, քանի որ այս որոշումը հաջորդել էր Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին՝ Ժաննա Վարդանյանը հետևյալ կերպ պատասխանեց.

«Կարծում եմ՝ ամեն դեպքում Իրանը՝ որպես Պաղեստինի անկախության ջատագով, հստակ հայտարարությամբ հանդես կգար։ Գուցե առաջին հերթին սա հայ-իրանական հարաբերություններում ինչ-որ խնդրի առկայությամբ է պայմանավորված, այլ ոչ թե Թուրքիայի գործոնով։ Ինքս դեռևս հստակ չեմ կողմնորոշվում և չեմ կարող բացատրություն տալ, թե ինչու Իրանի կողմից նման արձագանք եղավ»։

Դավիթ Գույումջյան