1994-ից ի վեր` մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day): Նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովինն է:
Oragir.News-ը հարց է ուղել քաղաքացիներին՝ «Արդյո՞ք Հայաստանում մամուլն ազատ է»։
Դրական և բացասական պատասխանները գրեթե հավասար են։ «Ով ինչ ուզում՝ գրում է»,- ասաց մի քաղաքացի։ «Հայաստանում ոչ մի ազատ բան չկա»,- նշեց մի քաղաքացի։ Մեկ այլ քաղաքացի նկատեց՝ «Չէի ասի, չեն թողնում ազատ աշխատեն»։ Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Իսկ մի կին շնորհավորեց Oragir.News-ի լրագրողին օրվա առիթով։
Նշենք, որ Մամուլի ազատությունը ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով։ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:
Նշենք նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը: Հայաստանը բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։
Մանրամասները՝ տեսանյութում։