Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 42 րոպե առաջ - 20:30 19-10-2026

Ամուլսարը թունավորում է մարդկանց․ հանքը չպետք է շահագործվի. հարցում

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը տարիներ շարունակ քննարկումների և հանրային վեճերի առիթ է դարձել։ Հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները մտահոգություններ էին հայտնում դրա հնարավոր բնապահպանական ռիսկերի վերաբերյալ։ Ներկայումս նման հանրային ակտիվություն, բնապահպանական ցույցեր չկան, չնայած՝ կան քաղաքացիներ, որոնք մտահոգություն են հայտնում հանքի շահագորման բնապահպանական ռիսկերի վերաբերյալ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ գիտեն Ամուլսարի հանքի, դրա շահագործման և հնարավոր ռիսկերի մասին, ինչպես նաև ի՞նչ վերաբերմունք ունեն նախկինում հանքի շահագործման դեմ ակտիվ պայքարող, իսկ այժմ լռություն պահպանող մարդկանց նկատմամբ։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ Ամուլսարը ոսկու և պղնձի հանք է։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ նա ընդգծեց, որ մինչև 2018 թվականը բնապահպաններ կային, իսկ այժմ՝ ոչ։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ ռիսկերը հսկայական են և բնապահպանական՝ ստորգետնյա ջրային պաշարների թունավորումից մինչև կենդանական ու բուսական աշխարհի ոչնչացում։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Ամուլսարը ոսկու հանք է, և եթե դրա շահագործումը թույլատրված է, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Նրա խոսքով՝ հանքը պետք է շահագործվի, որ երկրի բյուջե գումար մուտքագրվի։

Անդրադառնալով այն հարցին, թե ո՞ւր են այժմ այն մարդիկ, որոնք ակտիվ պայքարում էին Ամուլսարի՝ հանք չդառնալու համար, քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց, թե նրանք, հավանաբար, գումար են վերցրել և լռել։

Մանրամասները՝ տեսանյութում։