Ուղիղ եթեր
Արտաքին 50 րոպե առաջ - 21:46 19-10-2026

Ֆրանսիայի 4 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայի հյուսիսում՝ Նոր դեպարտամենտի պրեֆեկտուրան, անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանել երկրի հյուսիսի չորս քաղաքների առանձին շրջաններում։

Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչությանը։

Սահմանափակումները կգործեն Լիլ, Վատտինի, Դուե և Դենեն քաղաքների առանձին հատվածներում։

Պարետային ժամը կսկսվի հոկտեմբերի 19-ի երեկոյան և կգործի երկու օր՝ տեղական ժամանակով 20:00-ից մինչև 06:00-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Նոր դեպարտամենտի պրեֆեկտուրայի և բոլոր չորս քաղաքների քաղաքապետերի համաձայնությամբ։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն՝ ճգնաժամային շտաբի նիստից հետո, հանձնարարել էր պրեֆեկտներին երկրի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ սահմանել։ Նրա խոսքով՝ այդ միջոցառման նպատակն է ապահովել քաղաքացիների անվտանգությունը և խանութները պաշտպանել ջարդերից։ Կառավարության ղեկավարը չի բացառել նաև արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ այս փուլում մասնակի պարետային ժամը համարում է առավել ընդունելի միջոց։

Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության անկման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել է 550 հազարի մասին։ Մասնակիցների թիվը երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։

Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։